-Կարո՞ղ եք մատնանշել մի կետ, որը Ադրբեջանի կողմից եղել է, եղել է սկզբունքային եւ հայկական կողմի համար եղել է անընդունելի, ու ադրբեջանական կողմը համաձայնել է նախագծից ետ քաշել,- այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Պատգամավորն այս հարցից բացի՝ նախարարին այլ հարցեր էլ ուղղեց. «Բանակցությունների ընթացքում առնվազն մի քանի կետ Հայաստանի կողմից առաջարկվում էր։ Առաջարկում էր փաստաթղթում ամրագրել սահմանների հետ կապված Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզը, որը նախաստորագրված փաստաթղթում չկա։ Առաջարկվում էր ամբողջ սահմանի երկայնքով զորքերի հայելային հետքաշում, վերջնական փաստաթղթում տեսնում ենք՝ հայկական կողմի այս առաջարկը չկա…մի բան էլ, երբ ասում եք, որ խաղաղության երաշխիքը մենք ենք, լավ տեսական սահմանազատման -սահմանագծման գործընթացում Ադրբեջանը հրաժարվում է Ջերմուկի օկուպացված տարածքներից դուրս գալ։ Լուծումը ո՞րն է, հատկապես պետք է նկատի ունենանք, որ այդ տարածքներում հզորագույն ամրաշինական աշխատանքներ են ադրբեջանցիներն իրականացնում»:
Ըստ Արարատ Միրզոյանի՝ բանակցությունները դրանով են բանակցություն, որ կողմերը միմյանց ներկայացնում են իրենց պատկերացումները կամ իրենց պահանջները, հետո բանակցությունների ընթացքում թղթի վրա մնում է այն, ինչ ընդունելի է երկու կողմերի համար էլ. «Ես չեմ պատրաստվում շատ մանրամասներ բացահայտել, բայց նաեւ կոռեկտ չի ասել՝ մենք այս էինք ուզում՝ հասանք սրան, նրանք այս էին ուզում՝ հասան։ Բայց ուզում եմ ձեզ վստահեցնել, որ եղել են այդպիսի կետեր, մենք ենք առաջարկել՝ չեն անցել, իրենք են առաջարկել՝ չեն անցել։
Կարդացեք նաև
Ասում եք՝ քարտեզ էր նշվում, այո, բայց դրա փոխարեն հետո ունեցել ենք ձեւակերպում, որը նաեւ համադրելով այլ փաստաթղթի հետ՝ այդ բացը լրացնում է։ Մենք ստացել ենք Ալմա Աթայի վրա բավականին լուրջ հղումը եւ արձանագրումը տեքստում, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, արձանագրում են, որ այդ տարածքները այն տարածքներն են, որոնք երկու երկրները ընդունել են ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմաններով։ Ըստ այդմ՝ հղումը կոնկրետ քարտեզին վերացել է»:
Նախարարը ընդգծեց, որ իրենց ինչ պետք էր հասկանալ, թե այդ սահմանազատումը ինչ իրավական հիմքեր պիտի ունենա, դրանք ստեղծված են»։
Անդրադառնալով գրավված տարածքների սահմանազատմանը՝ Միրզոյանը հավելեց. «Ո՞վ է ասել, որ Ադրբեջանը հրաժարվում է հասցեագրել նաեւ այդ հատվածի սահմանների հարցը սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի ընթացքում։ Սա է երկու երկրների պայմանավորվածությունը՝ անդրադառնալ, հասցեագրել, թե ինչ իրավական հիմքերով, ինչ քարտեզների հիման վրա, հենց սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Պնդումը, որ Ադրբեջանը հրաժարվում է դա անել՝ չի համապատասխանում իրականությանը»։
Մանուկյանն առաջարկեց նիստից հետո զանգել ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին եւ ասել, որ Ջերմուկի բռնազավթված տարածքներում վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանի իրականացրած ամրաշինական աշխատանքների մասին մի տեղեկանք տա։
Միրզոյանն էլ ասաց, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատել իրենց միջև եղած ողջ սահմանը եւ պայմանավորվածությունը հանրահռչակվել է՝ հյուսիսից հարավ իջնելով. «Այդ տեղ ինչ-որ մի տեղ մեջտեղներում կա նաև այն հատվածը, որի մասին դուք խոսում եք»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































