Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարություն է տարածել և հերքել սոցցանցերում շրջանառվող այն լուրերը, թե Թուրքիան հոգուտ Իրանի կմիջամտի պատերազմին կամ կմտնի Լիբանան։
Հայտարարության մեջ նշվում է, որ նմանատիպ հրապարակումները ապատեղեկատվություն են, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ իրականացվում են ինտենսիվ դիվանագիտական ջանքեր՝ պատերազմի տարածումը կանխելու և կայուն խաղաղություն ապահովելու նպատակով։
Ըստ վերոհիշյալ հայտարարության՝ Թուրքիային պատերազմի մեջ ներքաշելու մասին պնդումները հոգեբանական պատերազմի մաս են կազմում և նպատակ ունեն վնասել Թուրքիայի հեղինակությունը։ Հանրությանը կոչ է արվել առաջնորդվել բացառապես պաշտոնական աղբյուրների հայտարարություններով։


















































