Լրահոս
Օրվա լրահոսը

Viva-ն և «Արտիսիմո»-ն ընդլայնում են համագործակցության շրջանակները

Ապրիլ 03,2026 16:20 Share

Հնարավոր խնդիրների վաղ բացահայտումը կարևոր է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈւ), մասնավորապես՝ աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար: Թեման արդիական է հատկապես մարզերում, որտեղ չկան մասնագիտացված կենտրոններ կամ եղած ռեսուրսները բավարար չեն համակարգված և լիարժեք աջակցություն ստանալու համար: Հարցի կարևորությունը գիտակցելով՝ Viva-ն և «Արտիսիմո»-ն որոշել են ընդլայնել չորս ամիս առաջ Գեղարքունիքում մեկնարկած համագործակցությունը և օգտակար լինել նաև Վայոց ձորի մարզի շահառուներին:

Եղեգնաձորում գործող «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնն «Արտիսիմո»-ի ստեղծած առաջին մարզային մասնաճյուղն է: Հիմնական կենտրոնը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում է:

Վայոց ձորում 20 գյուղ և մեկ քաղաք սպասարկող մասնաճյուղում տարեկան կտրվածքով մշտական աջակցություն է ստացել 150 երեխա: Viva-ի աջակցությամբ այսուհետ կենտրոնի մասնագիտական թիմը կարող է լիարժեք սպասարկել արդեն իսկ գրանցված 200 երեխայի և նրանց ծնողներին: Անհրաժեշտ թերապիաները կլինեն երկարաժամկետ և հետևողական: Viva-ի աջակցությունը թույլ կտա կենտրոնանալ գոյություն ունեցող երկու կենտրոնների աշխատանքի վրա՝ «Արտիսիմո»-ի համար հավանական դարձնելով հավակնոտ նոր ծրագրերի իրականացումը:

«Մեր համագործակցությունը կարևոր է մի քանի տեսանկյուններից: Մարզերում թիրախային այս խմբի ընտանիքներն առավել խոցելի են՝ մասնագիտական, զարգացման կենտրոններից օգտվելու երբեմն անհնարինության պատճառով: Հեռավորության, ֆինանսական միջոցների սղության և այլ հանգամանքներից ելնելով՝ անհրաժեշտ թերապիաներին մասնակցելու համար մայրաքաղաք մեկնելը հաճախ դառնում է դժվար կամ անհնար։ Մենք պատրաստ ենք աջակցել, քանի որ մարզերում նման կենտրոնների առկայությունը և մասնագետների նվիրումը շատ հարցեր կլուծեն», – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Եղեգնաձորի «Ոսկեփորիկն» իր տարածքով հարմարեցված է զգայական ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Թեև աշխատանքներ են իրականացվում նաև ուղղված հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների վերականգնմանը՝ այս փուլում  ուշադրության կենտրոնում աուտիստիկ սիմպտոմատիկա ունեցող երեխաներն են: Մասնագետներն արձանագրում են, որ հինգ տարվա հետևողական ջանքերի շնորհիվ երբեմն հաջողվել է հասնել անհավանական արդյունքի․ փոխվել է նյարդաբանի սկզբնական եզրակացությունը: Դա ոչ միայն նվիրման, այլև աշխատանքի մեթոդաբանության արդյունք է: Հատուկ ուշադրության կենտրոնում է ծնողների հետ տարվող աշխատանքը: Կիրառվում է ծնող-երեխա-մասնագետ շղթան ապահովող մոդել, գիտելիքներ ստացած ծնողները տանը կիրառում են երեխայի հետ շփման ճիշտ մոտեցում:

«Ամենակարևոր հաջողությունը, որին հասել ենք Եղեգնաձորում, ծնողների հետ կուռ համայնքի ստեղծումն է և աշխատանքում ներգրավվածությունը: Առհասարակ, «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի համար կարևոր է երեխա-ծնող-մասնագետ եռանկյունու մոդելը: Դա ունի դրական ևս մեկ կողմ. մեր առաջատար մասնագետները իրենց խնդիրներով ժամանակին «Ոսկեփորիկ» եկած ծնողներն են: Այսօր նրանք արդեն մասնագետ են և կարևոր սյուն են բոլորի համար: Հաջողություն է նաև այն, որ մենք կարողանում ենք ընդլայնվել և մեր գործունեությունը տարածել մարզերով: Իհարկե կա նաև այլ մարզեր գնալու հավակնոտ երազանք, ինչին ձգտելու ենք», – ասել է «Արտիսիմո» մշակութային ՀԿ հիմնադիր Կատերինա Հորստկան:

Մեկ տարի առաջ Եղեգնաձորի «Ոսկեփորիկ» կենտրոնում դրամահավաքի միջոցով սկսել են իրականացնել նաև ամբուլատոր սպասարկմանը ոչ հատուկ խորացված հետազոտություններ՝ առավել համակարգված մոտեցում ցուցաբերելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930