Ապրիլի 14-ից մեկնարկում է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը: «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց. «Այսօրվանից մինչեւ մայիսի 1-ը ներառյալ՝ 23 ներկայացում են խաղալու: Շատ հագեցած ծրագիր է, իսկ մեր միջազգային ծրագիրն այս տարի շատ խիտ է եւ լի՝ տարբեր երկրներից ժամանած ֆանտաստիկ, տաղանդավոր եւ արհեստավարժ դերասանների խաղով, ինչը հնարավորություն կտա մեր հանդիսատեսին վայելել տարբեր երկրների՝ մոբիլ տարբերակով այն արվեստը, որը հիմա արդի է եւ ժամանակակից»: Մարիաննա Մխիթարյանը հավելեց, որ այսօր հանդիսատեսը կարող է վայելել Ֆիլիպ Ռիստովսկու «Նիժինսկի» (Ռումինիա) եւ Գիորգի Գասվիանի «Խոստովանություն. Ես Սերգեյ Փարաջանովն եմ» ներկայացումները:
«Նիժինսկին» գեղեցիկ պարային ներկայացում է, իսկ Ֆիլիպ Ռիստովսկին Ռումինիայի աստղերից է, որը շատ լուրջ է վերաբերվում իր կերպարին: Գիորգի Գասվիանի «Խոստովանություն. Ես Սերգեյ Փարաջանովն եմ» ներկայացումը եւս գունեղ եւ մասշտաբային է»,-նշեց նա:
Մարիաննա Մխիթարյանի ձեւակերպմամբ, այս տարի փառատոնի ծրագրում շեշտադրված է անձը՝ պատմության մեջ: Նա անդրադարձավ նաեւ ապրիլի 15-ին ցուցադրվելիք Անդրեյ Յակովլեւի «Փրկել կամեր-յունկեր Պուշկինին» (Ռուսաստան) ներկայացմանը, ասելով, որ համարյա չկա փառատոն, որտեղ այս ներկայացումը մրցանակ ստացած չլինի. «Սա բովանդակալից ներկայացում է, բավականին թեթեւ տեքստով, որը մեր հանդիսատեսին կարող է գրավել»:
Ինչ վերաբերվում է երկրորդ ներկայացմանը՝ Վիտալի Յարոշի «Պարալիմպիկին» (Ռուսաստան), հետեւյալը նշեց. «Այդ թեման մեր դարում դառնում է ավելի կարեւոր, քանի որ խոսվում է այն պայքարի մասին, որը մարդը մղում է հոգու եւ մարմնի ցավերից դուրս գալու, անհատականություն մնալու համար» :
Կարդացեք նաև
Ի թիվս այլնի՝ «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրենը տեղեկացրեց, որ կունենան նաեւ ներկայացում Իտալիայից. Քրիստիան Իզզոյի «Պուլչինելլա` ծառա առանց տիրոջ» ներկայացումը կցուցադրվի, նաեւ ճանաչված հյուրը վարպետաց դասեր կանցկացնի:
Մարիաննա Մխիթարյանը անդրադարձավ սերբական, իսպանական ներկայացումներին: Ռադե Կոստիչի «Չապլին․ իմ պատերազմը» (Սերբիա) ներկայացման մասին խոսելիս փաստեց, որ Չապլինն ու Հիտլերը նույն օրն են ծնվել. «Սերբ դերասանը կբացահայտի, թե ինչպես են զարգանում գրեթե նույն օրը ծնված 2 բեւեռային մարդկանց կերպարները, ինչպես մեկը ֆանտաստիկ լավ, մյուսը ֆանտաստիկ վատ ազդեցություն թողեցին աշխարհի վրա»:
Նա նաեւ հույս հայտնեց, որ Իրանից ժամանող դերասանուհին, ում մեծագույն հաճույքով են հրավիրել, կժամանի Հայաստան: Խոսքը Դորսա Միրզայի «Պրոմեթևս» ներկայացման մասին է:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































