Լրահոս
Օրվա լրահոսը

Ունենք հստակ պահանջ իրավունքի խախտման վերացման վերաբերյալ. Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ

Ապրիլ 14,2026 15:22 Share

«Առաջինն ուզում ենք տեղեկացնել, որ 2026թ ապրիլի 15-ին ունենալու ենք դատական նիստ Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի, քաղաքական քրեական հետապնդման վերաբերյալ: Չափազանց կարեւորում ենք այն հայտարարությունները մեր հայրենակիցների, մեր գործընկերների, նաեւ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների, որ հերթական անգամ իրենց աջակցությունն են ցուցաբերելու»,- Հակակոռուպցիոն դատարանի առջեւ կայացած ճեպազրույցում նշեց Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդեւանյանը;

Փաստաբանի խոսքով. «Այսօր դատարանին ներկայացրած միջնորդությունը վերաբերվում է հետեւյալին. երբ գործն արդեն գտնվում է դատարանի վարույթում, ընթացակարգային իմաստով սկիզբ են առնում նախնական դատալսումները: Դրանք ենթադրում են մի շարք հարցերի քննարկում, բայց ամենակարեւորը խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննարկումն է: Այսօր մուտք ենք արել դիմում-միջնորդություն՝ հասցեագրված պատվարժան դատարանի դատավոր Դոլմազյանին՝ առ այն, որ առաջնահերթության կարգով քննության առարկա դառնա խափանման միջոցի հարցը: Յուրաքանչյուր ժամ այլեւս նշանակություն ունի գալիք խորհրդարանական ընտրությունների տեսանկյունից»:

Արամ Վարդեւանյանը նշեց, որ այս տարվա ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրել է համագումար եւ առանցքային է, որ մինչ այդ համագումարը, որի օրակարգում հենց ընտրություններին վերաբերող հարցերն են, Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին. «Կուսակցության նախագահի մասնակցությունն առանցքային է, մենք տեսանք, թե ինչպես ՔՊ կուսակցության նախագահն ինչ աստիճան ներգրավված, ինտեգրված է պրոցեսին:

Մրցակցության, հավասարության, ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից սա ակնհայտ անհրաժեշտություն է, եւ հույս ունենք, որ նշվածը կապահովվի: Ինչ-որ իմաստով ցավ ենք ապրում, որ այդ բեռն այլեւս ընկել է դատական իշխանության ուսերին: Այդպես չպետք է լինի, բայց սա ՀՀ-ում առկա իրականությունն է, սա է քաղաքական հետապնդումների տրամաբանությունը: Դրանից չենք զարմանում, բայց մյուս կողմից ունենք հստակ ակնկալիք, հստակ պահանջ՝ իրավունքի խախտման վերացման վերաբերյալ»:

Փաստաբանն ի թիվս այլնի անդրադարձավ նաեւ սույն վարույթով մեղադրական եզրակացությունը հաստատած դատախազ Արգամ Դալլաքյանի հայտարարություններին. «Հայտարարությունները տեղ էին գտել Հ1-ի եթերում: Ինձ զանգահարել էր լրագրողը, որը հարցազրույց էր վերցրել պարոն Դալլաքյանից, մենք ունեցել ենք շատ ջերմ, մոտ 1 րոպե տեւողությամբ խոսակցություն, որտեղ հարցրեց՝ արդյոք մեղադրանքն ընդունելի՞ է, թե՞ ոչ: Արձագանքեցի, որ այն քաղաքական հետապնդում է, ակնհայտ ապօրինի: Մի քանի այլ հանգամանք էլ նշեցի, որոնք տեղ չեն գտել նշված թողարկման շրջանակներում: Մենք պատրաստ էինք մեծ սիրով հյուրընկալելու լրագրողին՝ ներկայացնելու համար ապօրինությունները նույն դատախազության կողմից, բայց մեզ նման հնարավորություն չի ընձեռվել:

Եթե շատ կարճ արձագանք ներկայացնենք, իմ ձեռքին հիմա 2026թ Վճռաբեկ դատարանի փետրվարի 25-ի որոշումն է, եթե միայն այս որոշումը փոխանցվեր դատախազին, բավարար էր, որ հարցազրույցը տեւեր 20 վայրկյան, որովհետեւ վճռաբեկ դատարանը քաղաքական հետապնդման պայմաններում ներկայացված մեղադրանքներից մեկի վերաբերյալ ասել է, որ հիմնավոր կասկած ընդհանրապես չկա, մյուս մեղադրանքի վերաբերյալ ասել է, որ այն գտնվում է ծայրահեղ ցածր մակարդակի վրա, նույնն էլ կոչի դրվագի հետ կապված, որը բոլորի մոտ ժպիտ է առաջացնում»:

Մանրամասն՝ տեսանյութում.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930