«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ինչո՞ւ ենք մենք խոսում արդարության մասին, ինչո՞ւ ենք ուզում, որ «Արդարությունը գալիս է» կարգախոսը դառնա իսկական ղողանջ՝ հանրության ու ժողովրդի համար։
Կան ժամանակներ, երբ պետությունները չեն քանդվում միանգամից։ Նրանք քայքայվում են ներսից՝ երբ մարդիկ դադարում են հավատալ արդարությանը։
Երբ մարդը վստահ չէ, որ իր աշխատանքը գնահատվելու է, երբ ընտանիքը վստահ չէ, որ պաշտպանված է, երբ զինվորը վստահ չէ, որ իր զոհողությունը արժևորվելու է, երբ գործարարը վստահ չէ, որ խաղի կանոնները նույնն են բոլորի համար՝ պետությունը դառնում է ձևականություն։
Կարդացեք նաև
Այսօր մեր ամենամեծ ճգնաժամը ոչ թե միայն անվտանգությունն է, ոչ թե միայն տնտեսությունն է, այլ՝ արդարության բացակայությունը։
Արդարություն՝ պատմության մեջ։ Արդարություն՝ պետության ներսում։ Արդարություն՝ օրենքի առաջ։ Արդարություն՝ աշխատանքի, կրթության, և, առհասարակ՝ հավասար հնարավորությունների մեջ։
Երբ այս առանցքը կոտրված է, մնացած բոլոր համակարգերը դառնում են անկայուն։
Մենք ասում ենք՝ արդարությունը պետք է գա։ Ոչ որպես սոսկ կարգախոս, ոչ որպես խոստում, այլ որպես պետական կառուցման սկզբունք։ Որովհետև արդարությունն այն կետն է, որտեղից սկսվում է պետության վերականգնումը։
Մենք գիտենք, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու։ Այն լինելու է դժվար, երբեմն՝ տանջալից, բայց այն միակ ճանապարհն է, որն ունի ապագա։ Արդարությունը չի գալիս աղմուկով։ Այն գալիս է որոշումով։ Եվ մենք այդ որոշումն արդեն կայացրել ենք։
Ուստի, սիրելի՛ ժողովուրդ, արդարությունն իրոք գալիս է։


















































