Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացել էր որպես արհեստական բանականությամբ գործող հեղինակավոր ու մեծ եկամուտներ ապահովող ներդրումային միջազգային ընկերության աշխատակից

Ապրիլ 16,2026 12:30 Share

Համակարգչային հանցագործության ամենամեծ գործը

Այս պահին Հայաստանի դատարանում կա մի քրեական գործ, որով կա 1404 տուժող, որոնց պատճառված վնասն էլ գնահատվել է 810.071.577 ՀՀ դրամ։ Քրեական գործի նյութերը 39 հատոր էին, երբ ուղարկվեց առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

8-ի գործով` Նդիբու Հիվենին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ Ադել Բաբայանը 2023թ. մարտից, Գէորգ Գազանճեանը 2022 թ. մայիսից, Գէորգ Լաթուրատեանը 2022 թ. նոյեմբերից, Յարութ Խարմանտարեանը 2022 թ. մարտից, Նիկոլ Թէրզեանը 2023 թ. նոյեմբերից, Վաչէ Սապունճեանը 2022 թ. ապրիլից, Նդիբու Հիվենը 2022 թ. նոյեմբերից մինչեւ 2023թ. դեկտեմբերի 8-ը, իսկ Լիա Սարգսյանը 2023 թ. մարտից որոշակի կարճ ժամանակային ընդհատմամբ, մինչեւ 2023թ. դեկտեմբեր մասնակցել են մի խումբ անձանց՝ Իսրայելի Պետության քաղաքացիներ Ի. Գիլլերի եւ Ե. Մարտինիուկի, ինչպես նաեւ դեռեւս քննությամբ չհստակեցված Հայաստանի ու արտերկրի մի խումբ այլ քաղաքացիների կողմից 2022թ. մարտին ստեղծված, 2022թ. սեպտեմբերից այդ թվում եւ Հայկ Թադեւոսյանի մասնակցությամբ ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը, հանցավոր կազմակերպության անդամների եւ կազմակերպության անդամ չհանդիսացող այլ անձանց միջոցով իրականացրել են առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն: Ըստ մեղադրանքի` նրանք հավաքագրել եւ ներգրավել էին կազմակերպության առնվազն 144 անդամների, այդ թվում՝ անչափահասների:

8 մեղադրյալների նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց բացակայելու արգելքը:

Գործը դատարանում է 2025 թ. հունվարից: Հանրային մեղադրողն էր Ռուզաննա Ասատրյանը, թարգմանիչը՝ Գագիկ Պողոսյանը: Պաշտպաններն էին Արթուր Նահապետյանը, Կարեն Հակոբյանը, Հովիկ Արսենյանը, Նարինե Ռշտունին, Սահակ Պողոսյանը, Սիմոն Հարությունյանը:

Ընդամենը մեկ դրվագ ներկայացնենք մեղադրանքից:

Խմբի անդամներից Ադել Բաբայանը` գիտակցելով բազմաթիվ այլ անձանց հետ հանցավոր կազմակերպության մեջ միավորվելու եւ նրանց հետ համատեղ գործելու հանգամանքը՝ անդամակցելով վերոնշված հանցավոր կազմակերպությանը, սկզբում հանդիսանալով հանցավոր կազմակերպությունում անվանակոչվող Conversion, այնուհետեւ՝ Retention խմբի անդամ՝ զանգ կատարող` գործակալ, հանդես գալով հիմնականում Քլոե Ստյուարտ, Դիանա Քելլի, Բլեր Հաթմեն, Քլոի եւ համանման այլ կեղծանունով, կապ է հաստատել արտասահմանյան՝ հիմնականում Եվրոպական երկրների բնակիչների՝ զոհերի հետ, ներկայացել որպես արհեստական բանականությամբ գործող հեղինակավոր ու մեծ եկամուտներ ապահովող ներդրումային միջազգային ընկերության աշխատակից, հեռահար եղանակով ուղղորդել հանցավոր կազմակերպության կողմից կիրառվող կեղծ բովանդակությամբ հարթակներ, օգտահաշիվներ՝ հանցավոր կազմակերպության բազմաթիվ անդամների եւ դրա առաջադրանքով գործող անդամ չհանդիսացող անձանց հետ կատարել է իրենց դիտավորության մեջ ընդգրկված համակարգչային հաշտակություններ, ինչի նպատակով օգտագործել են նախապես ստեղծված համակարգչային համակարգով ու ցանցով գործարկվող հաշիվներ՝ ապահովելով ինչպես իրենց, այնպես էլ կազմակերպության մյուս անդամների կողմից՝ առանց նույնականացում անցած տուժողների թույլտվության կամ իրավաչափ այլ հիմքերի՝ դրանց հասանելիություն ստանալու, դրանցում առկա տեղեկատվությունը փոփոխելու եւ իրականությանը չհամապատասխանող տվյալներ լրացնելու տեխնիկական հնարավորություն` Ֆրոդ, գործարկել են բարձր տոկոսով շահութաբերություն ապահովող ներդրումներ կատարելու առաջարկ պարունակող կայքեր եւ նախնական նույնականացումն ապահովող հարթակներ: Նրանք ուղղորդել են տարբեր չափերի գումարներ փոխանցելու իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին, բանկերի կողմից փոխանցումներ կատարելու թույլտվության համար վճարումներ կատարելու, հափշտակված գումարները հետ վերադարձնելու համար միջնորդավճարներ տրամադրելու եւ այլ պատրվակներով պահանջել կատարել հավելյալ գումարների փոխանցումներ՝ ապօրինի, անհատույց իրենցը դարձնելով արտասահմանյան երկրների ավելի քան 1404 տուժողների՝ առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 810.071.577 ՀՀ դրամ ֆինանսական միջոցները եւ ստացել դրանք տնօրինելու եւ օգտագործելու իրական հնարավորություն:

Դատարանը Ադել Բաբայանի նկատմամբ նշանակված 7 տարի 2 ամիս 28 օր ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառել եւ նրա նկատմամբ սահմանել փորձաշրջան՝ 4 տարի ժամկետով ազատազրկման, որպես լրացուցիչ պատիժ բոլորին նշանակվել է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի՝ 1.500.000 ՀՀ դրամի չափով։ Գէորգ Գազանճեանի նկատմամբ նշանակված 7 տարի 11 ամիս 29 օր ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառել եւ նրա նկատմամբ սահմանել փորձաշրջան՝ 4 տարի ժամկետով, Գէորգ Լաթուրատեանի նկատմամբ նշանակված 7 տարի 8 ամիս 1 օր ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառել եւ նրա նկատմամբ սահմանել փորձաշրջան՝ 4 տարի ժամկետով, Լիա Սարգսյանի նկատմամբ նշանակված 8 տարի ժամկետով ազատազրկում պատժին հաշվակցել անազատության մեջ գտնվելու 1 օրը, եւ որպես վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 7 տարի 11 ամիս 29 օր ժամկետով …Յարութ Խարմանտարեանի նկատմամբ նշանակված 7 տարի 11 ամիս 28 օր ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառել եւ նրա նկատմամբ սահմանել փորձաշրջան՝ 4 տարի ժամկետով։ Վերջինիս պաշտպանը` Ն.Ռշտունին հատուկ վերանայման բողոքով դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան` վկայակոչելով սահմանադրության՝ Դատական պաշտպանության իրավունքի եւ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը խախտելու հանգամանքը: Պաշտպանը նշել էր, որ քննիչ Ն. Աբգարյանը խոչընդոտել է իր մասնագիտական գործունեությանը, չի տրամադրել առաջին ատյանի դատարանի ապրիլի որոշումը: Հետագայում տրամադրվել է որոշման լուսապատճենը: Իսկ Վերաքննիչ քրեական դատարանն էլ պաշտպանի հատուկ վերանայման բողոքը թողել էր առանց քննության:

Վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ անձի բողոքարկման իրավունքը իրացնելու տեսանկյունից կարեւոր է բողոքարկման` օրենսգրքով սահմանված ժամկետների պահպանումը, որի հաշվարկը սկսվում է անձի կողմից բողոքարկման ենթակա դատական ակտը ստանալու օրվանից:

Երեկ տեղեկացանք, որ Ն. Ռշտունու բողոքը բավարարվել է, բեկանվել է վերաքննիչ դատարանի որոշումը, վարույթը փոխանցվել է նոր դատարանին` նոր քննության համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով

«Առավոտ» օրաթերթ
15.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930