«Երեւանի, այլ տեղերի ճանապարհների այդ հայտնի տխրահռչակ փոսերը որ կան, հաշվարկե՞լ եք արդյոք, թե յուրաքանչյուր ընտանիք էդ փոսերից ինչքա՞ն վնաս է ստացել։ Հաշվարկե՞լ եք, թե մարդիկ նաեւ այդ փոսերի պատճառով ինչքան են հայտնվում փոսերի մեջ եւ ինչքան ժամանակ են ծախսում»,- ԱԺ նստաշրջանում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի ներկայացման ժամանակ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին հարցրեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նա նաեւ հարցրեց, թե ճանապարհաշինության որակը ստուգելու հարցում առաջընթաց կա՞․ «Ո՞նց կարելի է այսօր ասֆալտ անել, հաջորդ տարի արդեն ունենալ այնպիսի բաներ, որոնց մենք մասնավորապես Երեւանում ենք հանդիպում»։
Խուդաթյանն ասաց, որ որակի հսկման մասով լաբորատոր փորձարկումների ծավալն էական ավելացրել են։ «Փոսերից պատճառված անհարմարությունների մասով հաշվարկ, բնականաբար, չունենք։ Բայց Երեւանի օրինակով կուզեմ մի կարեւոր հանգամանքի անդրադառնալ։ Իրականում ի՞նչ պատկեր ունենք Երեւանում, չնայած այդ պատկերն արագ շտկում ենք՝ հիմնանորոգման աշխատանքներ ենք իրականացնում։ Սա այն բանի հետեւանք է, որ քաղաքային իշխանությունները որոշում են առանձին գործել կենտրոնական կառավարությունից։ Երեւանը դրա օրինակն է՝ նախորդ տարիների ընթացքում Երեւանի ենթակառուցվածքների կառուցման եւ վերակառուցման ուղղությամբ այնքան համայնքային միջոցներ չեն հատկացվել, որ Երեւանում ունենք այս պատկերը։ Եվ հիմա Երեւանի քաղաքապետարանի մեր գործընկերներն իրականում ջանում են պատկերը փոխելու մասով։ Բայց պիտի հասկանանք, որ խոսքը գնում է շուրջ 1500 կմ ճանապարհի մասին, որի զգալի մասի վրա նախորդ 25-30 տարիներին հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականացվել։ Եվ ճանապարհային ցանցը Երեւանում հնամաշ է»,- ասաց ՏԿԵ նախարարը։
Մանրամասները տեսանյութում
Կարդացեք նաև
Հովիկ Աղազարյանը հարցրեց․ «Ես մի տեղ հանդիպել էի, որ գոյություն ունի մի այսպիսի կոմբայնանման սարք, զարգացած երկրներում փոսը լինում է, երկու ժամ հետո այդ փոսը չկա, ուզում է ձյուն, ուզում է բուք լինի։ Էդքան փող ունեք, հնարավորություն չկա՞, մի քիչ փող տաք, դրանից առնեք, բերեք, պրծնենք էդ ցավից»։
Խուդաթյանն ասաց, որ տարբեր երկրների գործընկերների հետ է շփվել, ասֆալտի կոմբայն չի տեսել։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































