Այսօր լրացավ Վարդան Ղուկասյանի՝ Գյումրու քաղաքապետ ընտրվելու մեկ տարին․ նրա փեսան՝ Ավետիս Առաքելյանը, հանդես եկավ կատարած աշխատանքների հաշվետվությամբ:
Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան Ավետիս Առաքելյանը, որը ներկա պահին Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարն է, այսօր «Կոմունիստական կուսակցության»՝ քաղաքային իշխանության ղեկը ստանձնելու մեկ տարվա առթիվ հաշվետվություն ներկայացրեց հասարակությանը։
Նա իր խոսքը սկսեց առողջություն ու ազատություն մաղթելով Վարդան Ղուկասյանին և իր խոսքերով ասած՝ բոլոր քաղբանտարկյալներին։
Ավետիս Առաքելյանը ներկայացրեց Վարդան Ղուկասյանի՝ 31 կետից բաղկացած նախընտրական ծրագիրը, որտեղ շարադրված է Գյումրու զարգացման տեսլականը ու կետ առ կետ մանրամասնեց՝ որն է ի կատար ածվել, որը՝ ոչ։
Կարդացեք նաև
Ավետիս Առաքելյանը հաշվետվությունը ներկայացնելիս՝ երբեմն քննադատության էր ենթարկում կառավարությանը։
Նա Գյումրու տնտեսական առողջացման մասին խոսելիս՝ ասաց, որ ըստ ծրագրի՝ Գյումրիից իսպառ վերածելու են աղետի, գործազրկության հետքերը, իսկ այս նպատակով մի քանի խոշոր գործարաններ են վերաբացելու այս քաղաքում՝ վերականգնելով երբեմնի խոշոր արդյունաբերական քաղաք լինելու համբավը։ Նա շեշտեց, որ Վարդան Ղուկասյանի ծրագրերից են աշխատատեղերի ստեղծումն ու բնակարանաշինությունը։
Բանախոսը, սակայն, առիթը բաց չթողեց նշելու, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 8 տարվա ընթացքում ոչ մի բնակարան չի կառուցել Գյումրիում։
«Ես մի ցայտուն օրինակ եմ ուզում բերել, 8 միլարդ դրամ ավելացել է արտաքին պարտքը, 8 միլիարդ դրամի 1 տոկոսը կազմում է 80 միլիոն դոլար, եթե արտաքին պարտքի 1 տոկոսը ուղղվեր Գյումրի քաղաքի՝ աղետի գոտու բնակարանաշինությանը, ապա այդ խնդիրը իսպառ վերացած կլիներ, բայց ցավոք սրտի, այս պահին 991անօթևաններ ունենք աղետի գոտուց տուժած, 240 և ավելի մարդկանց պահով էլ դիմվել է քաղաքաշինության նախարարություն, որ նույնպես ընդգրկեն անօթևանության ցուցակի մեջ, ինչպես նաև գիտենք՝ 2500 տնակներ կան՝ տնակային բնակիչներով»,- ասաց Ավետիս Առաքելյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































