ԱՂԵՐՍԱԳԻՐ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ԱՆԵԼ ԵՐԵՎԱՆԻ Ս․ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԵՍՈՒՉ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ
Վեհափառ Տեր,
ԱՂԵՐՍՈւՄ ԵՄ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել Երևանի Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսուչ Անուշավան եպիսկոպոսին հաշվի առնելով հետևյալ հանգամանքները.
1․ Սուրբ Հարության տոնին իր իսկ ձեռամբ Երևանի Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված «պատարագին» անձամբ հերթական անգամ չի հնչեցրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը, կրկին փաստելով, որ ապստամբ պառակտիչ է։
Կարդացեք նաև
2․ Դրանով նա չի անսացել ԽՈՏՈՐՅԱԼ ութ սրբազաններին (որոնցից մեկը ինքն է) ս․թ․ փետրվարի 17-19-ը անցկացված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց հավաքի հորդորին ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ հակականոնական գործողություններից, ջլատող քայլերից ու անջատողական դրսևորումներից, որոնք սպառնում են առաջացնել հերձված՝ տկարացնելով Եկեղեցու առաքելությունը մեր հավատավոր ժողովրդի կյանքում։
3․ Ցուցաբերել է եպիսկոպոսին և ընդհանրապես քրիստոնյա մարդուն անվայել վարքագիծ։ Ըստ հավաստի աղբյուրների հղմամբ մամուլում տարածված տեղեկատվության Սուրբ Հարության տոնի նույն օրը, այն էլ եկեղեցու ներսում, Անուշավան եպիսկոպոսը ծեծի է ենթարկել եկեղեցու սարկավագներից մեկին: Դա հանդիսանում է եկեղեցական կանոնների և քրիստոնեական բարոյախոսության կոպտագույն խախտում։
4․ Չի համապատասխանում եպիսկոպոսի Նոր Կտակարանյան կերպարին, որով եպիսկոպոսը պետք է լինի «․․․ հեզ, խոհեմ, պարկեշտ, ․․․ ոչ նախատող, ոչ բռնացող, այլ՝ հանդարտաբարոյ, ոչ կռուազան, ոչ փողասէր, ․․․ այլ նա պէտք է ունենայ բարի վկայութիւն նաե՛ւ դրսեցիներից, որպէսզի չլինի թէ ընկնի նախատինքի տակ եւ սատանայի որոգայթների մէջ» (Ա Տիմ․ 3։2-7):
5․ Չի համապատասխանում եպիսկոպոսի Աստվածաշնչյան կերպարին, ըստ որի «․․.պէտք է, որ եպիսկոպոսն անբասիր լինի, որպէս Աստծու տնտես. ոչ յանդուգն, ոչ բարկացող, ոչ անարգող, ոչ կռուարար, ոչ շահասէր․․» (Տիտ 1:7):
6․ Ըստ Առաքելական ԾԹ (ԾԸ) ԻԵ կանոնի անգամ մեղանչած հավատացյալներին կամ կռվարար անհավատներին հարվածած եպիսկոպոսին, ով դրա միջոցով ցանկանում է վախեցնել նրանց՝ հրամայվում է կարգալույծ անել։ Նաև հիմնավորվում է․ «որովհետև Տերը մեզ ոչ մի տեղ նման բան չսովորեցրեց, այլ ընդհակառակը՝ Նրան հարվածեցին, բայց Ինքը ոչ մեկին չհարվածեց, Նրան նախատեցին, բայց Ինքը փոխարենը ոչ մեկին չնախատեց, Նա չարչարվեց, բայց ոչ մեկին չսպառնաց»։
7.Կանոնագրքի բոլոր շերտերը՝ Առաքելական, Տիեզերական և Հայաստանյայց ժողովների, միակամ են, որ հոգևորականը, ով ֆիզիկական ցավ է պատճառել կամ հարվածել է մարդուն, կորցնում է իր ձեռքերի սրբությունը և պետք է կարգալույծ արվի։ Այդպիսի ձեռքը իրավունք չունի դիպչելու Քրիստոսի Մարմնին և Արյանը՝ Սուրբ Հաղորդությանը։
8․ Անտեսել է 2025 թ. նոյեմբերի 25-ին հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովի որոշումները (հղումը՝ մեկնաբանությունում), ըստ որի իր արարքը ենթակա է խստագույն պատժի, եթե նա չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով, սակայն որը նա փաստացի չի արել։
9․ Իր խոտորյալ վարքով խաթարում է Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր միջավայրը։ Եկեղեցու ոչ մի հոգևորական, այդ թվում գրեթե բոլոր սարկավագները չեն ցանկացել սպասարկել և մասնակցել իր մատուցած հակականոնական «պատարագին»։ Ստիպված կանչվել է Արարատյան Հայրապետական թեմի Ս․ Խաչ եկեղեցու հովիվ տ․Զգոն քահանան ու այլ եկեղեցիներից սարկավագ/դպիրներ։ Նման եպիսկոպոսը չի կարող լինել այդ եկեղեցու տեսուչ։
10․ Անտեսել և խախտել է Հայոց կանոնագրքի Անտիոքի ժողովի ՄԾԱ (ՄԽէ) ԺԱ կետը:
10.1. Ըստ այդ կանոնի` եթե որևէ եպիսկոպոս, քահանա, սարկավագ կամ հոգևորական դասի այլ անդամ՝ առանց տվյալ թեմի եպիսկոպոսի և առավել ևս առանց եպիսկոպոսապետի՝ մեր դեպքում Կաթողիկոսի կամքի ու գրավոր թույլտվության ցանկացած հարցով դիմի թագավորին (աշխարհիկ իշխանության ղեկավարին), ապա այդպիսին թող մատնանշվի, կարգալույծ արվի և մերժվի ոչ միայն եկեղեցական հաղորդակցությունից, այլև այն պատվից (աստիճանից), որն ուներ։
10.2. Ըստ կանոնի այդպիսի մեկը պետք է մատնացույց արվի ժողովրդի առաջ, որ հոտը չմոլորվի նրա հետևից գնալով: Նա պետք է զրկվի իր պաշտոնից՝ թեմի առաջնորդությունից, կարգալույծ արվի և դասվի աշխարհականների շարքը: Կանոնախախտ եպիսկոպոսը նաև պետք է մերժվի իր եղբայրների կողմից։ Կեղծ օրակարգերով եկեղեցու նվիրապետական կարգի դեմ դավադիր և տիրադավ մղումներով ապստամբած կղերականը Եկեղեցու պատմության մեջ մնալու է ոչ թե որպես առաջնորդ, այլ որպես եկեղեցադավ։
11.Կարգալույծների ու հերձվածողների հետ համակարգել է 18.12.2025թ. Մայր Աթոռի վրա գրոհը, նախապես միանալով սադրիչ հայտարարությանը:
12.Իր հակականոնական ընթացքը մեծագույն գայթակղություն է դարձել եկեղեցու տիրանվեր քահանաների, սարկավագների, դպիրների և հավատավոր հոտի համար, իսկ դա ըստ Ավետարանում Տիրոջ խոսքի` ծանրագույն մեղք է:
Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն`
Սամվել դպիր Գրիգորյան
ՈՎՔԵՐ ՀԱՄԱՄԻՏ ԵՆ, ԽՆԴՐՈւՄ ԵՄ ՄԻԱՆԱԼ ԱՂԵՐՍԱԳՐԻՆ


















































