ԿԳՄՍՆ-ն պառակտում է կինոհամայնքը՝ «սորտավորելով» կինոգործիչներին յուրայինների և ոչ ցանկալիների. Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի հայտարությունը
Հայկական կինոյի օրը՝ ապրիլի 16-ը, թվում է, լավագույն առիթն էր կինոյի չինովնիկների կողմից գործող հայ կինեմատոգրաֆիստներին մեկ հարկի տակ հավաքելու՝ կինոոլորտի խնդիրների մասին կինո արարող մարդկանց ուղիղ խոսքը լսելու համար։ Սակայն ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենը նախընտրեցին հավատարիմ մնալ յուրային կինոգործիչների հետ թաքուն հանդիպման ձևաչափին, որպեսզի խորհրդային պրոպագանդայի ավանդույթներով, կինոհամայնքի փոքր մի հատվածին հրամցնեն հայ կինոյի հանդեպ պետության հոգածության բլեֆն ու ակնկալվող մեծ նվաճումների պատրանքը։
Տեղին է հիշել, որ «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» ՀԿ ներկայացուցիչը մեկուսացվել էր նաև Հիմնադրամի կանոնակարգը մշակող աշխատանքային խմբի հավաքներից։
Մեզ չհրավիրելու պատճառը շատ պարզ է՝ Ֆեդերացիայի ներկայությամբ անհնար է ստել։
Կարդացեք նաև
Ֆեդերացիայի ներկայությամբ նախարար Անդրեասյանը չէր կարող ճառել «Գումարի մասնակի վերադարձ» տապալված ծրագրի մասին, որը գովազդվում է 2023թ-ից, սակայն չի ապահովել գեթ մեկ միջազգային կինոխմբի խոշոր ներդրում Հայաստան, և կառավարությունը, դեմքը փրկելու համար, դիմել է ծայրահեղ ոչ մասնագիտական մի աճպարարության՝ Cash rebate է հաստատել տեղական կինոնախագծերին։
Ֆեդերացիայի ներկայությամբ հիմնադրամի տնօրեն Բանուչյանը չէր համարձակվի ֆուտուրիստական ուտոպիաներ հորինել «Հայֆիլմի» վերագործարկման հսկայածավալ ներդրումների մասին, երբ իր կառույցը անկարող է ապահովել անգամ Կինոյի օրենքով նախատեսված տարեկան երկու մրցույթների անցկացման պարզ գործառույթը։
Ի վերջո, Ֆեդերացիայի ներկայությամբ անհնար կլիներ «սղացնել» հիմնադրամի «նոր» կանոնակարգը, որտեղ խաղարկային կինոյի ֆինանսավորումը նվազեցված է երկու անգամ։
«Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» ՀԿ խորհուրդը խստորեն դատապարտում է կինոյի չինովնիկների կողմից ՀՀ հարկատուների գումարներով ձևավորվող ՀՀ պետական բյուջեն իշխանական ուժի քաղաքական դրամարկղի վերածելու, կինոոլորտը պառակտելու, կինոհամայնքը հովանավորյալ և անցանկալի կինոգործիչների սեգմենտավորելու հանցավոր պրակտիկան։
Հայկական կինոյում ձեր տեղը գիտակցելու, ձեր դիրքի անկայունությունը հասկանալու, հովանավորյալ կինոգործիչների խոնարհման խաբուսիկությունը ընկալելու համար, նայե՛ք թե որտեղ են հիմա ձեզանից առաջ ձեր աթոռները զբաղեցրած մարդիկ, որքան չնչին է նրանց թողած հետքը հայկական կինոյում և փորձեք ազատվել հողի վրա կինոն արարող մարդկանց յուրայինների և անցանկալիների «սորտավորելու» ձեր քաղքենիական բարդույթներից։
«Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» (ՖԱՀՖ) ՀԿ խորհուրդ


















































