Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստում այսօր մոտ 4 ժամ հարցաքննվեց գործով մեղադրյալներից կոմունալ շահագործման ծառայության (ԿՇԾ) նախկին պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների նախկին պետ Մառլեն Սարգսյանը: Նա իրեն մեղսագրվող պաշտոնեական բոլոր բացթողումները պայմանավորեց համապատասխան գիտելիքներ չունենալու հանգամանքով:
Սարգսյանի խոսքով՝ 8 տարի դադարից հետո պաշտոն են առաջարկել, ինքը ընդունել է, բայց պետք է վերադասը ուղարկեր իրեն վերապատրաստման, հատուկ դասընթացների: Հանրային մեղադրողը զարմացած հարցրեց՝ եթե չեք վերապատրաստվել, գիտելիքներ չեք ունեցել ինչո՞ւ եք ստանձնել պաշտոն, պարտականություններ: Սարգսյանը պատասխանեց՝ ակնկալիքներ ունենալով, որ պետք է գնա դասընթացների, վերապատրաստվի, որ կարողանա տիրապետել պաշտոնին:
«ԿՇԾ պետի ծառայության համար ես զինվորական կրթություն եմ ստացել, վերապատրաստումը լիովին կբավարարեր»,- ասաց Սարգսյանը:
Կարդացեք նաև
Դատախազի հաջորդ հարցին՝ ինչ պարտականություններ պետք է իրականացներ ի պաշտոնե, Սարգսյանը կրկին չգիտեր. «Որ վերապատրաստում անցնեի, բոլոր կետերին կկարողանայի տիրապետել, բայց որ չեմ անցել, շարժվել եմ կարգադրություններով ու ներքին ծառայության կանոնագրքի ծառայության պետի պարտականություններով»:
Նա չմտաբերեց ծառայության կանոնագրքի ծառայության որ հոդվածներով ու ինչ պարտականություններ է ունեցել:
Տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանն էլ խնդրեց Սարգսյանին հարցերի միջոցով պատմել իրենց՝ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած հանդիպման մանրամասները: Մասնավորապես՝ զորամասի պետ Նիկողոսյան Վազգենը ինչ առնչություն է ունեցել Ազատի կացարանում տեղակայված վաշտի հետ:
«Բոլորը խոսում են դրույթային հրամանից, բա լավ, որ այդտեղ Մառլենի անունը չկա, բերել են՝ սարքել են Մառլենի անունով, այդ անցանք, բա որ այդտեղ գրած է կացարանի հակահրդեհային անվտանգության պատասխանատուն Նիկողոսյան Վազգենն է: Այդ ո՞նց է անտեսվել»,- արձագանքեց Մառլեն Սարգսյանը: Այրված զինվորների ծնողները դահլիճից արձագանքեցին, որովհետեւ քննիչի ընկերն է:
«Ես պատժից չեմ խուսափում: Ուղղակի իմ անունը չկա այդ հրամանի մեջ, բերել, սարքել են: Հանրապետության 30 տոկոսն ինձ ճանաչում է, իմ անունը պախարակել են, որ ես կարող է մեղադրվեմ հայ զինվորի մահվան մեջ: Ես չեմ կարող մեղավոր լինել. այն, ինչ իրականում կար ու քննության պետք է ենթարկվեր ու այդ ուղղությամբ գնային ու այս դեպքը բացահայտվեր, այդ ուղղությամբ ոչինչ չի արվել»,- շարունակեց Սարգսյանը:
«Մարդ էլ կա, որ եղել է կորպուսի անվտանգության պետը, այսօր նորից վերականգնվել է ծառայության, պաշտոնի են նշանակել»,- հավելեց Սարգսյանը:
Նիստը նախագահողը հետաքրքրվեց՝ այդ մասին ինչո՞ւ նախաքննության փուլում քննիչին չի հայտնել, Սարգսյանը պատասխանեց. «Ո՞վ, ոնց չեմ հայտնել: Քննիչին շատ բաներ եմ ասել, որը պետք էր իրեն, լսում էր, որը պետք չէր, չէր լսում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ





















































