Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին, Գրականության և արվեստի թանգարանում բացվեց «Էդմոնդ Քեոսայան-90» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված անվանի ռեժիսոր, կինոդրամատուրգ, դերասան Էդմոնդ Քեոսայանի հոբելյանին ընդառաջ։ Թանգարանի միջոցառումների պատասխանատու Լիլիթ Մադոյանը նշեց, որ ցուցահանդեսը ձևավորվել է թանգարանային հավաքածուի հիման վրա, ի թիվս այլնի՝ ներկայացված են բացառիկ արխիվային նյութեր, այդ թվում՝ լուսանկարներ, կադրեր «Տղամարդիկ» ֆիլմի նկարահանումներից, «Լքված հեքիաթների կիրճը» ֆիլմի սցենարը, նամակներ և այլն, որոնք պահպանվում են Գրականության և արվեստի թանգարանում։
Կինոգետ Սիրանուշ Գալստյանը Էդմոնդ Քեոսայանի կյանքի և գործունեության մասին հետաքրքիր դրվագներ պատմեց։ Նա ընդգծեց, որ Քեոսայանը կարող էր անգամ ամենաշատ քննարկված թեմաներում գտնել նորամուծություն և հետաքրքիր կերպով ներկայացնել իր ֆիլմերում։ Կինոգետի խոսքով, Քեոսայանը յուրահատուկ կերպար էր, որը կարողացավ ինքնադրսևորվել միանգամից երկու մշակութային տարածքներում՝ Մոսկվայում և հայկական կինոյում։
Կարդացեք նաև
Դառնալով «Տղամարդիկ» ֆիլմին՝ կինոգետը փաստեց. «Երբ Քեոսայանը «Մոսֆիլմից» տեղափոխվեց «Հայֆիլմ», հայկական կինոն ստացավ ամենավառ կատակերգություններից մեկը՝ գեղարվեստական բարձր մակարդակով և համընդհանուր լեզվով, որն ընկալելի է նաև երկրի սահմաններից դուրս»։
Նա անդրադարձավ նաև Սերո Խանզադյանի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Լքված հեքիաթների կիրճը» կինոնկարին՝ նշելով, որ այն պատշաճ գնահատված չէ։ Ինչ վերաբերում է «Մոսֆիլմի» հետ համատեղ նկարահանված «Հուսո աստղ» ֆիլմին, Սիրանուշ Գալստյանը հիշեցրեց այնտեղ հնչող և հատկապես այսօր խիստ արդիական արտահայտությունը. «Եթե հանձնենք Արցախը, դա տապանաքար կլինի հայոց պետականության համար»։
Պայծառ ԲԱԲԱՅԱՆ





















































