Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած որեւէ քաղաքական ուժ՝ կուսակցություն կամ դաշինք, չի հայտարարել, որ իշխանության գալու դեպքում հրահրելու է պատերազմ. Ալբերտ Բազեյան

Ապրիլ 22,2026 08:30 Share

«Ես ափսոսում եմ, որ մեր պետության ղեկավարը նման լկտի արտահայտություններ է անում մեր ժողովրդի հասցեին, այսինքն, այն մարդկանց հասցեին, ովքեր մտադիր չեն առաջիկա ԱԺ ընտրություններում իրենց ձայնը տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը կորցնելու վախից ընկել է հոգեխանգարմունքի մեջ»,-«Հայելի» ակումբում ասաց քաղաքական գործիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «շուն ու շանգյալ» արտահայտությանը։

«Նա հայտարարում է, որ եթե մենք ԱԺ ընտրություններում չվերցնենք սահմանադրական մեծամասնություն, եթե ընդդիմությունն ունենա ԱԺ-ում մեծամասնություն, ապա սեպտեմբերին սկսվելու է պատերազմ։ Ինքը բախտագուշա՞կ է, որ ենթադրում է՝ սեպտեմբերին սկսվելու է պատերազմ։ Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած որեւէ քաղաքական ուժ՝ կուսակցություն կամ դաշինք, չի հայտարարել, որ իշխանության գալու դեպքում հրահրելու է պատերազմ։

Մեզ ժամանակ է պետք, որպեսզի հեռացնենք այս ապազգային, թրքամետ, պարտվողական իշխանությանը, մեզ ժամանակ է պետք մեր բանակը հզորացնելու, կարգավորելու հարաբերությունները մեր արտաքին գործընկերների հետ եւ նրանց ռազմաքաղաքական աջակցությամբ ազատագրելու Արցախն ու մեր հայրենիքի մնացած հատվածները։ Բայց դրա համար ժամանակ է պետք։ Դրան հասնելու համար ընդդիմադիր ազգային ուժերը ըստ իրենց գաղափարական ընդհանրությունների պետք է միավորվեն եւ դաշինքներ կազմեն։ Կան արդեն այսօր որոշակի խմբավորումներ։

Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը օգտագործելով իր վարչական լծակները, պետբյուջեից գողացած, վերցրած ֆինանսական միջոցները՝ տարին մի քանի անգամ պարգեւավճարների տեսքով, ընտրակեղծիքների տեխնոլոգիաները, ադրբեջանա-թուրքական արտաքին աջակցությունը ունենալու է խմբակցություն ԱԺ-ում;

Ազգային ժողովում խմբակցություն է ունենալու «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ այժմ դաշինքը, որին 7-8 կուսակցություններ արդեն հայտարարել են, որ աջակցելու են եւ միավորվել են նրա հետ։ Մենք ևս՝ «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորումը հայտարարություն է տարածել, որ ԱԺ ընտրություններում աջակցելու ենք «Ուժեղ Հայաստան» դաշինքին։ Մենք ՀԿ ենք, ընտրություններին մասնակցելու իրավունք չունենք, ոչ էլ դրա ցանկությունն ունենք։ Մեր խնդիրն այն է՝ ինչ անել, ինչպես անել, որ հեռացնենք գործող ապազգային, թրքամետ իշխանությանը։ Իսկ դրա համար, ասացի արդեն, հարկավոր է արդեն ընդդիմադիր ազգային ուժերի համազգային համախմբում»,-ասաց Ալբերտ Բազեյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930