Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի շատ ԵՄ Հայաստանում». Երիտասարդ եվրոպական դեսպաններն՝ իրենց ոգեշնչման և հատուկ առաքելության մասին

Ապրիլ 22,2026 11:00 Share

«Ավելի շատ ԵՄ Հայաստանում» արշավը միավորեց 50 երիտասարդ եվրոպական դեսպանների Հայաստանից, ԵՄ երկրներից (Իսպանիա, Հունաստան, Գերմանիա, Շվեդիա) և Միացյալ Թագավորությունից՝ մեկշաբաթյա ճանապարհորդության շրջանակներում դեպի ՀՀ մարզեր, որը նվիրված էր Եվրոպան Հայաստանին ավելի մոտեցնելուն և ընդհանուր կապերն ամրապնդելուն, ԵՄ անդամ պետությունների ու Հայաստանի երիտասարդների միջև երկխոսությանն ու փոխանակմանը նպաստելուն։


Ապրիլի 16-ը «Ավելի շատ ԵՄ Հայաստանում» արշավի եզրափակիչ օրն էր։ Երիտասարդ եվրոպական դեսպաններն Ապարան մեկնեցին յուրահատուկ առաքելությամբ։ Այստեղ նրանց միացավ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ Նա հանդիպում ունեցավ Ապարանի երիտասարդների, երիտասարդ եվրոպական դեսպանների հետ, իր ելույթում ողջունեց ու ոգեշնչեց նրանց, այնուհետև մասնակցեց «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության 10-ամյակին նվիրված որմնանկարի բացման արարողությանը։

ԵՄ դեսպանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց՝ ԵՄ-ՀՀ գործընկերությունը հիմնականում մարդկանց միջև կապերի մասին է՝ վիզաների ազատականացման, մարդկային կապիտալում ներդրումների և հնարավորությունների ընդլայնման միջոցով՝ հատկապես երիտասարդների համար․ «Մենք չենք սպասում, որ ինչ-որ բան տեղի ունենա։ Մենք համագործակցում ենք հրաշալի հայ երիտասարդների հետ լսում ենք նրանց, քննարկում նրանց հետ և միասին աշխատում ավելի մեծ դիմակայունության և բարեկեցության համար։ Մենք նաև աշխատում ենք երիտասարդների համար հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ»։

Վասիլիս Մարագոսը փաստեց՝ Երիտասարդ եվրոպական դեսպանների ցանցը Եվրոպան, մեր գործընկերության ուղերձը և ակտիվ ներգրավվածությունը հասցնում է Հայաստանի մարզերի երիտասարդներին․ «Գեղեցիկ Ապարանը իսկապես կենտրոնական տեղ է զբաղեցնում մեր իրականացրած գործունեության շրջանակում»։

Ապարանում կազմակերպված միջոցառումն ուղեկցվեց մշակութային ծրագրով՝ ժողովրդական երգ և պարով, որին մասնակցեցին նաև երիտասարդ եվրոպական դեսպանները։

Ապարանի համայնքապետարանում անցկացված տեղեկատվական հանդիպման ընթացքում Հայաստանից և ԵՄ-ից ժամանած երիտասարդ եվրոպական դեսպանները ներկայացրին իրենց երկրները և խոսեցին երիտասարդների համար առկա հնարավորությունների մասին։

Մեկ այլ տեղեկատվական հանդիպում անցկացվեց Գյումրիի և Օշականի «Եվրոակումբների» ներկայացուցիչների կողմից։ «Եվրոակումբները» նպատակ ունեն ՀՀ-ում դառնալու երկարաժամկետ երիտասարդական հարթակներ՝ բնակչությանը տեղեկացնելով Հայաստան-ԵՄ համագործակցության տարբեր ուղղությունների մասին։

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական հաղորդակցման ցանց է, որը կապում է երիտասարդներին Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, ԵՄ անդամ պետություններից եւ Միացյալ Թագավորությունից: Ցանցի նպատակն է` բարձրացնել իր Արեւելյան գործընկերության երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ցուցադրել այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը, բարձրացնել քաղաքացիական ակտիվության մակարդակը եւ միասին աշխատել հանուն ավելի լավ ապագայի: Նախաձեռնությունը ստեղծվել է Եվրոպական միության կողմից 2016-ին եւ մինչ օրս ներգրավել է ավելի քան 2500 երիտասարդի ավելի քան 30 տարբեր երկրներից:

Aravot.am-ի հետ զրույցում երիտասարդ եվրոպական դեսպանները պատմեցին իրենց ոգեշնչման և նախաձեռնությանը միանալու մոտիվացիայի մասին։

23-ամյա Միրեյա Բրունետը Բարսելոնայից է, Իսպանիա։ Նախաձեռնությանը միացել է վեց ամիս առաջ։ Նա ուսումնասիրում է միջազգային անվտանգություն Փարիզի Sciences Po համալսարանում։ Մեզ հետ զրույցում պատմեց՝ որոշել է միանալ երիտասարդ եվրոպական դեսպաններ նախաձեռնությանը, քանի որ շատ է սիրում հաղորդակցվել․ «Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ այս նախաձեռնությունը նպաստի ԵՄ-ում Արևելյան գործընկերության մասին իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև ԵՄ-ի մասին՝ Արևելյան գործընկերության երկրներում։ Այս ցանցը հնարավորություն է տալիս այցելել տարբեր վայրեր, անձամբ ճանաչել այլ երիտասարդների, ինչպես նաև հանդիպել մյուս երիտասարդ դեսպաններին»։

Հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ն է երիտասարդ եվրոպական դեսպանի առօրյան, Միրեյան պատասխանեց․ «Առօրյայում համագործակցությունն առանցքային է, քանի որ մենք միասին ենք իրականացնում նախագծեր։ Մենք խոսում ենք իրար հետ, քննարկում, թե ինչ կարող ենք անել, ինչ մարտահրավերներ ունենք և ինչպես կարող ենք բարելավել իրավիճակը մեր երկրներում։ Այդ պատճառով էլ կարծում եմ, որ սա հենց այն հաղորդակցությունն ու համայնքն է, որը մենք միասին ենք կառուցում»։

Ծովիկ Սարգսյանը Երիտասարդ եվրոպական դեսպաններ նախաձեռնության ցանցի հայաստանյան խորհրդի անդամ է`Երևանից։ Նա նախաձեռնությանը միացել է 2022-ին, երբ դեռ սովորում էր դպրոցում։ Նրան խնդրեցինք մեկ նախադասությամբ ներկայացնել ամենակարևորը, ինչն իրեն տվել է այս նախաձեռնությունը։ Նա պատասխանեց․ «Ամենակարևորը փորձն ու հաղորդակցության հմտություններ են, որ ձեռք եմ բերել։ Մենք կարողանում ենք համագործակցել ու հաղորդակցվել ոչ միայն տեղական մակարդակում, այլև միջազգային հարթակներում։ Մեր ցանցը ոչ միայն Հայաստանում է գործում, այլև ընդգրկում է Եվրոպան և Միացյալ Թագավորությունը։ Սա իմ մասնակցած ամենամեծ ցանցն է, որը հնարավորություն է տալիս հավասարը հավասարի հետ խոսել նաև բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Երբեք չէի մտածի, որ կկարողանամ ինչ-որ երկրի դեսպանի հետ դեմ առ դեմ խոսել ոչ միայն քաղաքական հարցերից, այլև պարզ մարդկային թեմաներից, բարձրաձայնել երիտասարդության խնդիրները, լսելի դարձնել երիտասարդության ձայնը»։

Ծովիկ Սարգսյանը նաև նշեց՝ այս ցանցի դրական կողմերից է այն, որ ծանոթանում են ԵՄ կառույցներին, ծանոթանում եվրոպական արժեքներին․ «Ցանկացած հասարակության մեջ ամենաշարժիչ ուժը երիտասարդներն են, քանի որ իրենք դեռ չունեն կարծրատիպեր, մտածողության զարգացման փուլում են։ Ու եթե ճիշտ արժեքներ տանք նրանց, իրենք էլ կլինեն հենց այն մարդիկ, որոնք կտարածեն այդ արժեքները։ Մենք ենք այն ամենակարևոր օղակը, որ պետք է կապի տեղական երիտասարդությանը, իր խոսքն ուղղի հասարակությանը, համայնքներին, որ ԵՄ-ի մասին ճիշտ կարծրատիպը տարածվի»։

Նա փաստեց՝ նախաձեռնության կարևոր կողմերից է այն, որ անկախ աշխարհագրական դիրքից՝ երիտասարդ եվրոպական դեսպանները նույն արժեքներն ունեն․ «Կապ չունի՝ ես ՀՀ-ից եմ, թե այլ երկրից, մենք նույն արժեքներն ունենք։ Դրա մասին ենք պատմում, որ թեկուզ մենք իրարից շատ հեռու ենք տարածաշրջանի մասով, բայց մեր արժեքները շատ մոտ են»։

Ծովիկը երիտասարդերին խորհուրդ տվեց լինել համարձակ, փորձել օգուտ քաղել բոլոր հնարավորություններից՝ դուրս գալով կոմֆորտի դաշտից։

Գոհար Սահակյանը նախաձեռնությանը միացել է 2023 թվականից։ Նա Ապարան համայնքի ղեկավարի ռեֆերենտն է երիտասարդության հարցերով։ Ավարտելով համալսարանը որոշել է՝ պետք է անպայման ապրի ու աշխատի իր համայնքում։ Ժամանակի ընթացքում հասկացել է, որ կա համայնքային երիտասարդներին միավորելու, նրանց ներուժը համայնքի զարգացման համար օգտագործելու կարիք, ինչի արդյունքում 2021-ին ստանձնել է Ապարանի երիտասարդական միության ստեղծումը։

Ըստ Գոհար Սահակյանի՝ թեև ԵՄ-ն ՀՀ-ում բավականին մեծ գործունեություն է ծավալում, բայց իրազեկվածությունն այդ հնարավորությունների մասին՝ հատկապես երիտասարդների շրջանում, փոքր է․ «Որպես երիտասարդ եվրոպական դեսպան՝ ես որոշեցի նաև իմ համայնքի գյուղերում բարձրացնել իրազեկվածությունը, կազմակերպել տարբեր միջոցառումներ, ինֆո սեսսիաներ, այցեր։ Մեր երիտասարդների համար շատ մոտիվացնող է, երբ կարողանում են շփվել արտերկրի իրենց հասակակիցների հետ և նաև հանդիպել տարբեր երկրների դեսպանների։ Դա լրացուցիչ մոտիվացիա է հետագայում իրենց մասնագիտական զարգացման հարցում»։

Գոհարը վստահ է՝ Երիտասարդ եվրոպական դեսպաններ նախաձեռնությունը ոչ միայն հնարավորություն է տալիս տարբեր երկրների երիտասարդներին հաղորդակցվել, խոսել իրենց խնդիրների մասին, այլև զարգացնել փափուկ հմտությունները․ «Իմ սեփական օրինակով եմ ասում՝ այսօր մենք մեծ կարիք ունենք փափուկ հմտությունների զարգացման, օրինակ՝ անկաշկանդ ելույթ ունենալ և այլն, ինչն այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս զարգացնել»։

Մարկոս Ռոկոսը Հունաստանից է։ Նա նոր է ավարտել իր ուսումնառությունը միջազգային եվրոպական հարաբերությունների ոլորտում։ Մարկոսը նախաձեռնությանը միացել է երեք տարի առաջ, երբ 20 տարեկան էր, քանի որ իսկապես բարձր է գնահատում ԵՄ-ի իրականացրած աշխատանքը։ Նա ոգեշնչված է Հայաստան կատարած այցից։

Aravot.am-ի հետ զրույցում նշեց․ «Սա հիանալի հնարավորություն է համագործակցելու Արևելյան հարևանության երկրների՝ օրինակ՝ Հայաստանի երիտասարդների հետ։ Այս նախաձեռնությունը մեզ հնարավորություն է տալիս հանդիպել հետաքրքիր մարդկանց, բոլորս միմյանց մոտիվացնում ենք։ Մենք եկել ենք խոսելու այն հնարավորությունների մասին, որոնք հայ երիտասարդներն ունեն ԵՄ-ում, օրինակ՝ Erasmus ծրագրի միջոցով»։

Մարկոսը համոզված է՝ փոխանակումը միայն մեկ ուղղությամբ չէ, այլ երկկողմ է․ «Հայաստանում երիտասարդներն իրենց հասարակության ակտիվ խումբն են, բայց միշտ էլ կա զարգացման տեղ, և հենց դրա համար էլ մենք այստեղ ենք՝ նոր հնարավորությունները տարածելու համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սույն հոդվածը պատրաստվել է EU NEIGHBOURS east ծրագրի շրջանակներում: Հոդվածում արտահայտված կարծիքները պատկանում են բացառապես դրա հեղինակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930