Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց նոր սպառման համակարգերի՝ բաշխման ցանցի միացման վճարների սակագները մինչեւ 40 % նվազեցնելու ՀԷՑ-ի առաջարկը։
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նիստից հետո լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասաց, որ օրակարգում ընդգրկված էր 14 հարց եւ ամեն մի հարցը վերաբերում էր կոնկրետ թիրախային խմբերի։ Նաեւ նշեց, որ նախընտրական այս շրջանում հարցը իրենց՝ ՀԾԿՀ-ի համար քաղաքական բաղադրիչ չի ունեցել։
«Ստեղծվել է հնարավորություն այսօր միացման սակագինը նվազեցնելու եւ մենք գնացել ենք այդ ողջամիտ քայլին։ Իսկ թե ինչ պատճառով է դա ստեղծվել, դա այլ հարց է, ինչի մասին արդեն ասացի»,-ասաց Մեսրոպ Մեսրոպյանը։
Հստակեցնող հարցին, թե քարոզարշավի մեկնարկից մի քանի օր առաջ հանձնաժողովի այսօրվա որոշումը արդյոք կաշառքի եւ շահագրգռելու քայլ չէ՞, որ քաղաքացին գնա եւ ընտրի ՔՊ-ին, Մեսրոպ Մեսրոպյանը պատասխանեց. «Չեմ կիսում այդ տեսակետը։ Դա դրա հետ բացարձակ կապ չունի։ ՀԷՑ-ի ղեկավար կազմը, այս մասին հայտնել էր դեռ ամիսներ առաջ, որ նախնական ուսումնասիրությունների արդյունքում տեսել էր այդպիսի հնարավորություն։ Բայց, բնականաբար, մենք այդ ժամանակ չէինք կարող այդպիսի որոշում կայացնել, որովհետեւ նման որոշումները որոշակի գործընթաց են անցնում։ Մեկ օրում ինչ-որ մեկի ասածը միանգամից չի կարող հիմք հանդիսանալ։ Հետեւաբար, կարգավորվող մարմնի ղեկավարները, տվյալ դեպքում ՀԷՑ-ի ներկա ղեկավարները, այդ առաջարկով հանդես եկան, նշված ժամկետներում այդ առաջարկները մեր մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցների կողմից մանրամասն ուսումնասիրվեցին։ Մենք էլ համոզվեցինք, որ այո, նման հնարավորություն այսօր կա, որից հետո կայացվեց այսօրվա որոշումը»։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































