Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոք է ներկայացվել ՄԱԿ՝ բացահայտելով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի անդամի շահերի բախումը հայ գերիների գործերում

Ապրիլ 22,2026 17:06 Share

Հայկական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պաշտոնական բողոք են ներկայացրել ՄԱԿ՝ բացահայտելով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի անդամի շահերի բախումը հայ գերիների գործերում

Հայկական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կոալիցիան՝ Արցախ միության գլխավորությամբ, համապարփակ բողոք-զեկույց է ներկայացրել Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)՝ պահանջելով անհապաղ հետաքննություն սկսել ՄԱԿ-ի Կամայական կալանավորումների հարցերով աշխատանքային խմբի (ԿԿԱԽ – WGAD) անդամ Գաննա Յուդկիվսկայայի նկատմամբ: Զեկույցում մանրամասն ներկայացված են շահերի լուրջ և չբացահայտված բախումներ, որոնք ստվերում և վտանգում են նրա մասնակցությունը Ադրբեջանի Հանրապետության կողմից հայազգի գործիչ և բարերար Ռուբեն Վարդանյանի կալանավորման վերաբերյալ ԿԿԱԽ-ի թիվ 46/2024 կարծիքի կայացմանը:

Պաշտոնական բողոքը, որն ուղղված է ԿԿԱԽ-ին, Հատուկ ընթացակարգերի համակարգող կոմիտեին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահին, ուրվագծում է տիկին Յուդկիվսկայային Ադրբեջանի կառավարության հետ կապող ֆինանսական, քաղաքական և անձնական կապերի մտահոգիչ շղթան, ինչպես նաև էթիկայի խախտումների նախկին պատմությունը:

Համաձայն զեկույցում ներկայացված ծավալուն ապացույցների՝ տիկին Յուդկիվսկայայի մասնակցությունը Վարդանյանի գործին խախտում է ՄԱԿ-ի մի շարք կանոնակարգեր, այդ թվում՝ Հատուկ ընթացակարգերի մանդատակիրների վարքագծի կանոնագիրքը: Կոալիցիայի ներկայացրած հիմնական շահերի բախումները ներառում են հետևյալը.

  • Ուղղակի ֆինանսական կապեր Ադրբեջանի հետ. Տիկին Յուդկիվսկայան հանդիսանում է ուկրաինական «Էքվիթի» (Equity Law Firm) իրավաբանական ընկերության ակտիվ գործընկեր, որը վճարովի իրավաբանական ծառայություններ է մատուցում Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությանը (SOCAR)՝ երկրի առաջատար պետական ձեռնարկությանը:
  • Քաղաքական և անձնական կողմնակալություն. Նրա ամուսինը՝ ուկրաինացի նախկին քաղաքական գործիչ Գեորգի Լոգվինսկին, անմիջական կապեր է պահպանում Ադրբեջանի հետ և հրապարակայնորեն աջակցել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի տարածքային նկրտումներին, ինչը հանդիսանում է այն նույն քաղաքական վեճը, որն ընկած է Ռուբեն Վարդանյանի կամայական ձերբակալության և շարունակվող կալանքի հիմքում:
  • Էթիկական խախտումների պատմություն. Զեկույցն ընդգծում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) որպես դատավոր տիկին Յուդկիվսկայայի պաշտոնավարման ընթացքում տեղ գտած նախկին հակասությունները, ներառյալ այնպիսի կազմակերպությունների օգտին կայացրած վճիռները, որոնց հետ նա նախկինում փոխկապակցված է եղել, Ադրբեջանի օգտին հնչեցրած քաղաքականացված կարծիքները և իր դատական անձեռնմխելիության օգտագործումը՝ ամուսնուն Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (NABU) կողմից տրված հակակոռուպցիոն ձերբակալության ակտիվ օրդերից պաշտպանելու համար:
  • Երկակի ստանդարտներ ինքնաբացարկի պրակտիկայում. Տիկին Յուդկիվսկայան մշտապես ինքնաբացարկ է հայտնում Ռուսաստանի Դաշնությանն առնչվող գործերով՝ ելնելով իր ուկրաինական քաղաքացիությունից և Ռուսաստանի պատճառած պատերազմական վնասների փոխհատուցմամբ զբաղվող ընկերությունում իր ունեցած ֆինանսական շահերից: Չնայած Ռուբեն Վարդանյանի՝ որպես ականավոր ՌԴ քաղաքացի 50-ամյա պատմությանը, և հենց Ադրբեջանի հրապարակային պնդումներին, թե Վարդանյանը «ռուսական բանագնաց է», տիկին Յուդկիվսկայան միտումնավոր ընտրեց չհայտնել ինքնաբացարկ նրա գործով:

«ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների անաչառությունն ամբողջությամբ հիմնված է նրա մանդատակիրների բացարձակ անկախության, թափանցիկության և անկողմնակալության վրա», – նշեց Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը: «Տիկին Յուդկիվսկայայի՝ Ադրբեջանի հետ ունեցած ֆինանսական և քաղաքական կապերի անհերքելի ապացույցներն արմատապես վտանգում են Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ ԿԿԱԽ-ի վերջին կարծիքը և հնարավոր կարծիքներ հայ այլ գերիների վերաբերյալ: Պատասխանող պետության հետ ֆինանսապես կապված մանդատակիրը չի կարող անկողմնակալ քննել տվյալ պետության քաղաքական բանտարկյալին վերաբերող գործը: Մենք պահանջում ենք անհապաղ պատասխանատվություն և այս գործի նոր, անաչառ վերանայում»։

Հաշվի առնելով այս բացահայտումները՝ կոալիցիան հրատապ կերպով խնդրում է Միավորված ազգերի կազմակերպությանը.

  1. Նախաձեռնել տիկին Յուդկիվսկայայի կողմից ՄԱԿ-ի Վարքագծի կանոնագրքի խախտումների անհապաղ վերահսկողական վերանայում (քննություն):
  2. Պարտավորեցնել տիկին Յուդկիվսկայային ինքնաբացարկ հայտնել Ադրբեջանի Հանրապետությանն առնչվող ԿԿԱԽ-ի բոլոր ապագա գործերով:
  3. Չեղյալ համարել թիվ 46/2024 կարծիքը և ընդունել նոր, անկողմնակալ կարծիք Ադրբեջանի Հանրապետության դեմ Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ՝ ԿԿԱԽ-ի ընթացակարգերի անաչառությունը պահպանելու նպատակով:

Բողոքը հիմնված է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կողմից 2025 թվականի վերջին իրականացված բաց աղբյուրների նախնական հետաքննության, ինչպես նաև «Ճշմարտության և արդարության կենտրոնի» նյութերի վրա:

Կոալիցիայի ամբողջական բողոք-զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ:

Այս հրատապ զեկույցը ստորագրող կոալիցիան ներկայացնում է հայկական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների բազմազան խումբ, որը նվիրված է միջազգային արդարադատությանը, վայրագությունների կանխարգելմանը և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բռնի տեղահանված ժողովրդի իրավունքների պաշտպանությանը:

Ստորագրողներ՝

  • «Արցախ միություն» (Արտակ Բեգլարյան, նախագահ)
  • Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն (Սիրանուշ Սահակյան, տնօրեն)
  • Հայկական իրավական պաշտպանության ճակատ (Գառնիկ Քերքոնյան, նախագահ)
  • «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (Ջոն Այբներ, նախագահ)
  • Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան (Գեղամ Ստեփանյան)
  • «Ընդդեմ իրավական կամայականության» հիմնադրամ (Լարիսա Ալավերդյան, գործադիր տնօրեն)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930