Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանությունը բաց վերք է մարդկության խղճի վրա. Լիբանանի նախագահ

Ապրիլ 24,2026 14:29 Share

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարել է, որ այդ ողբերգությունը բաց վերք է մարդկության խղճում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի նախագահական գրասենյակը։

«Խորը ցավով եմ հիշում այդ մարդկային ողբերգությունը, որը բաց վերք է դարձել մարդկության խղճի վրա, և վերահաստատում եմ իմ անսասան նվիրվածությունն արդարության, ճշմարտության և մարդկային արժանապատվության արժեքներին», – նշել է նախագահ Աունը։

Նա հավելել է, որ իր հիմնադրումից ի վեր Լիբանանը եղել է անվտանգ վայր երկրի սահմաններում ապաստան փնտրող հայերի համար և նրանց դարձրել է ազգային կառուցվածքի անբաժանելի մասը։

«Հայկական ծագումով լիբանանցիները երբեք հյուր չեն եղել այս երկրում, այլ իսկական գործընկերներ են եղել նրա կառուցման, տոկունության և բարգավաճման գործում։ Նրանք իրենց ներդրումն են ունեցել տարբեր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև մշակույթ, արդյունաբերությունից մինչև արվեստ, քաղաքականությունից մինչև կրթություն՝ հստակ հետք թողնելով ժամանակակից Լիբանանի պատմության վրա», – նշված է հաղորդագրության մեջ։

«Այս առիթով ես ողջունում եմ հայ ժողովրդի տոկունությունը և նրանց անսասանությունը՝ պահպանելու իր ինքնությունն ու հիշողությունը։ Ես հաստատում եմ, որ այս տարելիցի հիշատակումը ոչ միայն անցյալի հիշողություն է, այլև նոր կոչ՝ մերժելու անարդարությունը, որտեղ էլ որ այն լինի, և աշխատելու ավելի արդար և մարդկային աշխարհի համար», – նշել է նախագահը։

Աունը նաև հաստատել է, որ Լիբանանը հավատարիմ կմնա իր առաքելությանը՝ որպես ազատության և բազմակարծության երկիր՝ հավելելով, որ հիշողությունը ողբերգությունների կրկնությունը կանխելու բանալին է:

«Եկեք այս հիշողությունից քաղենք մեր ազգային միասնությունն ամրապնդելու, մարդկային արժանապատվությունը պաշտպանելու և մեր նախնիների զոհողություններին և ապագա սերունդների հույսերին արժանի ապագա կառուցելու վճռականությունը», – հավելել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930