Բաց նամակ
Մենք՝ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներս, հայտնում ենք մեր խոր մտահոգությունն ու սկզբունքային անհամաձայնությունը Վրաստանի կառավարության կողմից ընդունված որոշման վերաբերյալ, համաձայն որի մեզ չի թույլատրվում անցկացնել Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ավանդական միջոցառումը, որն ամեն տարի անցկացվում է Ապրիլի 24-ին՝ Թուրքիայի դեսպանության հարակից տարածքում։
Ներքին գործերի նախարարությունից ստացված պատասխանի համաձայն՝ առկա է որոշակի պահանջների խախտման հավանականություն։
Կարդացեք նաև
Ակնհայտ է, որ որոշումը սահմանափակում է մեր համայնքի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված և ավանդույթ դարձած կարևոր հիշատակի միջոցառումը կազմակերպելու հնարավորությունը, որը ամեն տարի անցկացվում է Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում։
Այս օրը մեզ համար ոչ միայն պատմական հիշողության պահպանման խորհրդանիշ է, այլև արժանապատվության և արդարության խաղաղ արտահայտություն։ Այս միջոցառման շրջանակում մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և միաժամանակ արտահայտում մեր դիրքորոշումը պատմական ճշմարտության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ։
Մենք կարծում ենք, որ նման սահմանափակումը հակասում է ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներին, այդ թվում՝ հավաքների և խոսքի արտահայտման ազատությանը, որոնք պաշտպանված են Վրաստանի Սահմանադրությամբ և միջազգային պարտավորություններով։
Հատկապես կարևոր է, որ բազմազգ և բազմամշակութային պետության մեջ յուրաքանչյուր համայնք հնարավորություն ունենա խաղաղ և արժանապատիվ կերպով արտահայտել իր պատմական հիշողությունն ու քաղաքացիական դիրքորոշումը։
Մենք դատապարտում ենք Վրաստանի իշխանությունների այս որոշումը, քանի որ դա մեր՝ որպես Վրաստանի հասարակության մի մասի իրավունքն է՝ օրենքի շրջանակում կազմակերպելու նշված միջոցառումը խաղաղ, կազմակերպված և արժանապատիվ միջավայրում։
Մենք համոզված ենք, որ փոխադարձ հարգանքը, երկխոսությունը և արդարության սկզբունքների վրա հիմնված որոշումները այն հիմքն են, որոնք էլ ավելի կուժեղացնեն Վրաստանը՝ որպես ժողովրդավարական և բազմազան հասարակություն։
Հարգանքով՝
Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ։


















































