Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂՀ-ից բռնի տեղահանվածներին 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր ենք փոխանցել»․ Ալյոնա Արշինովա

Ապրիլ 26,2026 21:35 Share

2026 թվականի չորս ամիսների ընթացքում մեզ հաջողվել է աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 1400 ընտանիքների․ Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ՀԿ-ի խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան:

Թեեւ պաշտոնական Երեւանը հրաժարվել էր «Եվրասիա» ՀԿ-ի կողմից արցախցիներին տրամադրվող մարդասիրական օգնության վերջին խմբաքանակից, Ալյոնա Արշինովան հավաստիացնում է, որ արցախցիներին օգնելու իրենց ջանքերը չեն ավարտվելու․ «Ուզում ենք, որ յուրաքանչյուր ընտանիք իմանա՝ իրենք մենակ չեն։ Օգնությունն անպայման կցուցաբերվի։ Իհարկե, կարևոր էր օգնությունը Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված հարկադիր տեղահանվածներին։ Մենք փաստացի փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր»։

Իսկ 2025 թվականին օգնություն է ստացել շուրջ 6 հազար ընտանիք՝ «Ռուսաստանը ձեզ հետ է» ծրագրի շրջանակներում։

Ալյոնա Արշինովայի հետ զրույցը կայացավ Մոսկվայում, «Ռուսաստան» ազգային կենտրոնում, որտեղ ընթանում էր «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» թեմայով հասարակական-գործարար համաժողովը՝ նվիրված «Եվրասիա» կազմակերպության հիմնադրման երկու ամյակին։ Համաժողովին մասնակցում էին աշխարհի 33 երկրներից մոտ 800 պատվիրակներ՝ փորձագետներ, ուսուցիչներ, լրագրողներ, բլոգերներ, բժիշկներ, քաղաքագետներ, մշակույթի գործիչներ, առանձին երկրներից նաեւ կառավարությունների ներկայացուցիչներ։

«Բոլորն այն մարդիկ են, ովքեր հետաքրքրված են բարիդրացիության, խաղաղության և փոխըմբռնման ճարտարապետության կառուցմամբ»,- ասում է Ալյոնա Արշինովան։

Համաժողովի բացման իր խոսքում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ կարծիք հայտնեց, որ «Եվրասիայի» ծրագրերը կարևոր դեր են խաղում եվրասիական տարածքում ավանդական արժեքների պահպանման և զարգացման գործում․ «Այն աշխատանքը, որն իրականացվում է «Եվրասիայի» շրջանակում, մեր պետությունների ընդհանուր ջանքերի շատ կարևոր բաղադրիչն է՝ ուղղված ավանդական արժեքների պահպանմանը»։ Իր գնահատմամբ, եվրասիական տարածքը պատմականորեն միավորում է հարյուրավոր ժողովուրդների, որոնց մշակույթներն ու ավանդույթները սերտորեն միահյուսված են՝ ձևավորելով ընդհանուր ինքնության հիմքը։ Այս համատեքստում էլ, բանախոսի կարծիքով, համատեղ նախաձեռնությունները ձեռք են բերում առանձնահատուկ նշանակություն՝ ստեղծելով երկարաժամկետ համագործակցության ամուր հիմք։ Բայց, ՌԴ նախագահի մամուլի խոսնակը շեշտադրում է․ «Արժեքները չեն կարող ինքնուրույն գոյատևել, դրանք բետոնի նման են՝ կորցնում են ամրությունը։ Որպեսզի այդ ամրությունը երբեք չկորչի, պետք է միասին աշխատել»։ Եվ կազմակերպության աշխատանքներում ներգրավված ավելի քան 120 հազար մարդը, Դմիտրի Պեսկովի խոսքով, վկայում է հումանիտար կապերի զարգացման նկատմամբ աճող հետաքրքրության մասին․ «Ավանդական արժեքները հիմնված են անցյալի վրա, բայց դրանք նաև ապագայի մասին են, և պետք է զարգանան»։

Խոսելով ՌԴ-ում եւ աշխարհում ռուսաց լեզվի դերի բարձրացմանն ուղղված ջանքերի մասին էլ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասաց․ «Մենք առաջնորդվում ենք մի շարք պետական փաստաթղթերով։ Ռուսաստանի նախագահի 2025 թվականի հուլիսի 11-ի հրամանագրով հաստատված պետական լեզվական քաղաքականության հիմունքներում ընդգծվում է, որ ռուսաց լեզուն ձևավորում է համառուսաստանյան քաղաքացիական ինքնությունը և միասնական մշակութային տարածքը։ Այստեղ ոչ մի խոսք չկա աշխարհը նվաճելու մասին։ Խոսքը քաղաքակրթական տարածքի, ազգային հարստության, համաշխարհային մշակույթի կարևոր բաղադրիչի մասին է։ Ռուսաց լեզուն ոչինչ չի վերացնում․ այն լրացնում է մյուս լեզուներին իր ներկայությամբ և իր հնարավորություններով։ Սա չի նշանակում նվաճել, ենթարկել կամ խլել։ Սա նշանակում է հնարավորություն տալ միասին, հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա, ստեղծել ինչ-որ լավ բան բոլորի համար»։

«Ավանդական արժեքները եւ լեզուն․ դրանք այն են, ինչ միավորում են մեզ։ Իսկ միասին մենք կարող ենք ուժեղ լինել»․ սա էլ «Եվրասիա» ՀԿ-ի խորհրդի անդամ, Հայաստանի համակարգող Միքայել Բադալյանի գնահատականն է։

«Այսօրվա ամբողջ խնդիրն այն է, որ մեր երիտասարդությունը, ցավոք, չգիտի, թե ինչ է Եվրասիան։ Եվ ես խոսում եմ ոչ միայն հայ երիտասարդության, այլ ընդհանրապես եվրասիական տարածքի երիտասարդների մասին։ Ռուսաց լեզվի հանրաճանաչության հարցն էլ հենց այս իրավիճակի արտացոլումն է։ Նրանցից ոչ ոք դեմ չէ, սակայն մենք պետք է ցույց տանք և պատմենք երիտասարդներին, որ Եվրասիան հրաշալի հնարավորություն է, որ Եվրասիան հետաքրքիր է, ուժեղ է, ժամանակակից է»,- իր խոսքում ասաց նա։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930