Հնագետ Հենրիկ Դանիելյանը ուշագրավ մանրամասներ է հայտնում
Հայաստանում պահպանվել են կիկլոպյան ամրոցներ, որոնք վաղ պետական կազմավորումների և պաշտպանական ճարտարապետության զարգացման մասին վկայող հնագիտական հուշարձաններ են: Ընդհանրապես, «Կիկլոպյան» անվանումը գալիս է հին հունական դիցաբանությունից, որտեղ խոսվում է հսկայական քարերը տեղաշարժելու ունակ միաչքանի առասպելական հսկաների՝ կիկլոպների մասին։
Հնագետ Հենրիկ Դանիելյանը հայտնաբերել եւ ուսումնասիրել է կիկլոպյան ամրոցներ, հնագույն Հայաստանի ջրագրական, ջրաբաշխ համակարգը: Նա Հայաստանում լավագույն մասնագետներից է GIS համակարգով հնագույն Հայաստանի տարբեր հուշարձանների քարտեզագրման գործում: Հենրիկ Դանիելյանը ներկայումս զբաղվում է հնագույն Հայաստանի տարբեր հուշարձանների եռաչափ մոդելավորմամբ, դրանց համար՝ VR համակարգի կիրառման աշխատանքներով: «Առավոտը» Հայկական լեռնաշխարհի կիկլոպյան ամրոցների առանձնահատկությունների եւ այլ թեմաների մասին զրուցել է Հենրիկ Դանիելյանի հետ:
«2015-2016 թվականներին մասնակցել եմ Արագածի հարավային ու հարավ-արեւելյան լանջերի կիկլոպյան ամրոցների ուսումնասիրությանն ու քարտեզագրմանը, մեր հիմնական նպատակն էր կատարել GIS քարտեզագրում, համեմատել տվյալները նախկինում եղածի հետ, հանգուցալուծումը գտնել խառնաշփոթին: 2012-2017 թթ. մասնակցել եմ Արամ Գեւորգյանի կողմից Մարգահովիտի ամրացված բնակավայրի պեղումներին: Այդտեղ վաղ բրոնզից մինչեւ ուշ բրոնզ-վաղ երկաթ ընկած ժամանակաշրջանն ընդգրկող հուշարձանախումբ է, այդ ընթացքում նաեւ մասնակցել եմ Սոթք-Նորաբակ հուշարձանախմբերի պեղումներին՝ Արսեն Բոբոխյանի ղեկավարությամբ: Իսկ 2023 թ. ղեկավարել եմ Էրեբունի պատմահնագիտական թանգարանի կողմից իրականացված Ձորաբերդ ամրացված բնակավայրի պեղումները: Ինչ ուսումնասիրել ենք, թվագրել ենք, հստակեցրել՝ արդյոք նախկինում կատարված թվագրությունը համապատասխանում է այդ շերտագրությանը»,-ներկայացրեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Հայկական լեռնաշխարհի կիկլոպյան ամրոցների առանձնահատկություններին, այս մասին էլ նշեց. «Կիկլոպյան ամրոցների ձեւավորումը սկսվում է միջին բրոնզից ուշ բրոնզ անցման փուլին: Դրա մասին են վկայում Սոթք-2-ում Բոբոխյանի կողմից իրականացված պեղումները, որոնց մասնակցել եմ, կատարվել են նաեւ ռադիոածխածնային հետազոտություններ, ու թվագրությունը տվել է 1700-1500 թվականներն ընդգրկող ժամանակահատված: Այսինքն, վաղագույն փուլերը, կարելի է ասել, հենց այդտեղից են սկսվում ու շարունակաբար հասնում մինչեւ Երվանդունիների շրջան, չնայած որ շարունակաբար այդ տեխնիկան կիրառվել է մինչեւ զարգացած միջնադար: Օրինակներ կան, օրինակ՝ Արագածում: Հիմնականում այդ շրջանն են ընդգրկում, բայց իրենց զարգացման փուլն ընդգրկում է վաղ երկաթի, միջին երկաթի ժամանակաշրջանը, այսինքն՝ վաղ երկաթի եւ ուրարտական շրջանը՝ մինչեւ Երվանդունյաց շրջան»: Հնագետի ձեւակերպմամբ, շատ կարեւոր են ժամանակագրությունները. «Ձորաբերդում կատարված պեղումները (Հենրիկ Դանիելյանն է դրանք ղեկավարել.-Գ.Հ.) ցույց տվեցին, որ խոսքը գնում է արդեն հետուրարտական շրջանի մասին, այսինքն՝ Երեւանում՝ Արաբկիր վարչական շրջանում գտնվող Ձորաբերդի թվագրությունն ընդգրկում է հետուրարտական շրջանը: Այն հետուրարտական շրջանի հուշարձան է, այսինքն՝ Երվանդունիներ, Արտաշեսյաններ: Ձորաբերդը կարեւոր է Երեւանի պատմության ուսումնասիրության առումով: Այն նաեւ կարեւոր ռազմավարական դիրքում էր գտնվում՝ ապահովելով դեպի Սեւան գնացող ճանապարհները»:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ աշխարհում լայնորեն տարածված GIS համակարգին, հետաքրքրվեցինք, թե GIS քարտեզագրումը եւ այդ համակարգի կիրառումն ի՞նչ նշանակություն ունի մեր օրերում, նաեւ մեր հնագույն պատմության ուսումնասիրության համար։ «Գեոինֆորմացիոն համակարգն իսկապես կարեւոր տեղ է զբաղեցնում հնագիտության, երկրաբանության եւ այլ ոլորտներում: Մեզ հետաքրքրող ոլորտներում՝ երկրաբանություն, հնագիտություն, դրա օգտագործմամբ քարտեզագրվում են հուշարձանները, քարտեզագրությունից պարզ է դառնում դրանց տարածվածության արեալը, խմբերը, ջրի հետ ունեցած կապը: Դա նաեւ ինտերակտիվ մեթոդ է ու շատ կարեւոր՝ հուշարձանները կատալոգիզացնելու առումով»,-ընդգծեց Հենրիկ Դանիելյանը:
Անդրադարձ եղավ նաեւ խճաքարային թեքահարթակների ֆենոմենին Հայկական լեռնաշխարհում՝ Օձաբերդում, Նորաբակ 1-ում, Մարգահովիտում, որը հենց Հենրիկ Դանիելյանի արշավախումբն է առաջինը նկատել: «Դա հետաքրքիր ֆենոմեն է, օրինակ, Մարգահովիտում դրանք կառուցվել էին անձրեւաջրերից պաշտպանվելու համար, իսկ, օրինակ, Արագածում եւ այլ վայրերում ժայռային հիմքի վրա են նստած ամրոցները, եւ հողի՝ անձրեւաջրերից լվացվելու ու պարսպաքարերի թափվելու խնդիր չի եղել: Առաջինը այդ երեւույթը նկատվել է Մարգահովիտում, ապա՝ Նորաբակում: Դա հետաքրքիր էր նրանով, որ վաղ երկաթեդարյան ճարտարապետության, ամրոցաշինության կարեւոր բաղադրիչներից մեկն է, լուծում է ամրոցի պարսպաքարերի եւ ամրակայման, եւ միաժամանակ էսթետիկ տեսքի հարցը: Ի դեպ, նման բան նաեւ խեթերի մոտ կա»,-նշեց մեր զրուցակիցը:
Հենրիկ Դանիելյանից հետաքրքրվեցինք, թե ներկայումս ինչով է զբաղվում, հարցրինք, թե, իր կարծիքով, եռաչափ մոդելավորումը եւ, օրինակ, VR կամ նմանատիպ այլ ծրագրերի կիրառումը որքանով է կարեւոր մեր հնագույն պատմության, ժառանգության ուսումնասիրության ու հանրահռչակման գործում։ «2 տարի առաջ սկսեցի եռաչափ մոդելավորմամբ զբաղվել, իմ խնդիրն էր մեր մշակույթը հանրայնացնելը: Եռաչափ մոդելավորման մեթոդով դու հանրայնացնում ես քո մշակութային ժառանգությունը: Եթե շատերը քարտեզների վրա նայելով կարող է պատկերացում չկազմեն, վիզուալ առումով տեսնելով հուշարձանի եռաչափ պատկերը, արդեն հասկանում են, թե ինչի մասին է խոսքը: Իմ նպատակն էր՝ տալ հուշարձանների եռաչափ վերականգնումը, այսինքն՝ այն, ինչը նախկինում արվել էր թղթի վրա, նույնը անել եռաչափ մոդելավորմամբ: Նախ Կարմիր բլուրի կարասային սրահներից մեկը վերականգնեցի, ապա՝ Երեւանի Բիայնական դամբարանը: Կարծում եմ՝ հետաքրքիր է VR ակնոցները կրելով մտնել հուշարձան, տեսնել դրա նախնական տեսքը, տեղափոխվել հնագույն ժամանակաշրջան: Հետագայում նպատակ ունեմ ծավալվելու մեր մյուս հուշարձանների մասով՝ ըստ ժամանակաշրջանի՝ Ուրարտուից մինչեւ հելլենիստական անտիկ շրջան»,-հայտնեց Հենրիկ Դանիելյանը:
Խոսեցինք նաեւ հնագույն Հայաստանի ջրագրական, ջրաբաշխ համակարգերի մասին: Դանիելյանը տեղեկացրեց, որ ջրագրության համակարգով զբաղվել է 2015-2016 թթ., երբ Հնագիտության ինստիտուտի արշավախումբը պեղումներ էր իրականացնում Արագածի Տիրին կատարում. «Այդ ծրագրի շրջանակներում, երբ ուսումնասիրում էի կիկլոպյան ամրոցները, նաեւ սկսեցի ուսումնասիրել ջրամատակարարման համակարգը, քանի որ ամրոցները գտնվում են նաեւ ջրի ակունքներին կամ ջրաբաշխ համակարգին մոտ: Սկսեցի վերականգնել տվյալները, այն, ինչ տեսել եմ իմ աչքերով, եւ ինչը կար 20-ականներին՝ Աշխարհբեկ Քալանթարի կողմից իրականացված քարտեզագրված ջրաբաշխ համակարգը: Փորձել եմ ժամանակաշրջանի առումով բնակավայրերը քարտեզագրել, եւ հիմնականում խնդիրը ջրաբաշխ համակարգերն էին ու դրանց կապը բնակավայրերի հետ»:
Հենրիկ Դանիելյանը մեր զրույցի ավարտին կրկին ընդգծեց, որ շատ է կարեւորում, որ Հայաստանում լայն թափ ստանան եռաչափ վերականգնումները, քանի որ դրանք մեր ժառանգությունը հանրահռչակելու կարեւոր, հասանելի եւ կրթական նշանակություն ունեցող միջոց են: Նրա խոսքով, այսօր արհեստական բանականությամբ գեներացված կեղծ պատկերներով ու կեղծ տեղեկատվությամբ է լցվում իրականությունը, որոնք մարդուն կարող են մոլորեցնել, մինչդեռ լավ կլիներ, որ եռաչափ վերականգնումներով մասնագետները, օրինակ, հնագետները զբաղվեին, մի բան, որ ինքն իրականացնում է ուրարտագետ Միքայել Բադալյանի հետ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Հենրիկ Դանիելյանը
«Առավոտ» օրաթերթ
08.08.2026























































