Լրահոս
Օրվա լրահոսը

Խարբերդի մանկատանն արձանագրված խնդիրներն արտացոլող փաստաթուղթը դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի իրավասու մարմիններին. ՄԻՊ

Ապրիլ 27,2026 10:56 Share

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2026 թվականի ապրիլի 18-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ նաև Հաստատություն):

Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային, սանիտարահիգիենիկ պայմանները, խնամքի, բժշկական օգնության, սննդի տրամադրման հետ կապված հարցերը, Հաստատության աշխատակազմի և շահառուների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը, փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:

Հաստատությունում արձանագրված խնդիրները, հիմնականում, համակարգային են։

Մասնավորապես՝
• տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Հաստատությունում շարունակում են խնամք ստանալ 18-ից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող անձինք, այնպիսի պայմաններում, երբ Հաստատության ենթակառուցվածքներն ի սկզբանե նախատեսված են եղել երեխաներին խնամք տրամադրելու համար։

• Հաստատությանը հատկացված ոչ բավարար տարածքի պատճառով պահպանված չէին բնակելի մակերեսի համար նախատեսված պահանջները, ինչով պայմանավորված` առկա էր շահառուների սեռատարիքային բաշխվածության հետ կապված խնդիր, ննջասենյակներում առկա էին իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ, բացակայում էր առանձնացված պայմաններում շահառուների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորությունը, առկա էր սանհանգույցների և լոգարանների թվի պակաս, որոշ դեպքերում բացակայում էր միջնապատը ցնցուղարանների և զուգարանակոնքերի միջև և այլն:

• Հաստատության ֆիզիկական միջավայրը չէր համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին, առկա էր խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտություն։

• Հաստատությունում աշխատողների թիվն անհամեմատ պակաս էր խնամք ստացող շահառուների թվի համեմատությամբ, առկա էր աշխատողների ոչ մասնագիտական ծանրաբեռնվածություն։

Վերոնշյալ և արձանագրված այլ խնդիրները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրենության հետ:

Հատկանշական է, որ նախորդ այցերի ընթացքում Հաստատությունում արձանագրված համակարգային խնդիրները շարունակում են պահպանվել:

Խնդիրներն արտացոլող փաստաթուղթը դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:

Այցի ընթացքում Հաստատության տնօրինությունը և անձնակազմն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930