«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, փաստաբանական թիմին հանձնարարել է հայց ներկայացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ։
«Խնդրել եմ իմ փաստաբանական թիմին ուսումնասիրություն կատարելու հետեւյալ երկու գործողությունները՝ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցման նպատակով հաղորդման ներկայացման հնարավորությունը, 2 . «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին, հեղինակությանը հասցրած վնասները հատուցելու պահանջով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանը օրեր առաջ հայտնել էր, որ դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ և դիմում է Վարչական դատարան` պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին:
Կարդացեք նաև
Ըստ Իոաննիսյանի՝ դաշինքը, որպես ՔՊ-ի քարոզչական միջոցառում է դիտարկում ապրիլի 19-ին Գյումրիի և 23-ին Երևանի համերգները. դրանց ծախսը պետք է կատարվեր Կուսակցությունների մասին օրենքին համապատասխան։ Այնինչ, այդ համերգների ֆինանսավորումը չի տեղավորվում այդ օրենքի սահմանափակումների մեջ. «Մենք դիմում ենք ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` նշվածին իրավական գնահատական տալու պահանջով»:
Աննա Հակոբյանի խոսքով, եթե ըստ «Անկախ դիտորդի»՝ իր անձը ասոցացվում է իշխանական ուժի հետ, ապա ինչու 2022 թվականի սեպտեմբերին Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ «Իմ Քայլի» գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր այն ժամանակ ՔՊ վարչության անդամ հանդիսացող Մխիթար Հայրապետյանը ու ողջ նախընտրական փուլում, երբ «Իմ քայլը» հիմնադրամը շարունակում էր իրականացնել բարեգործական ծրագրեր, այդ փուլում որեւէ ուսումնասիրություն Մխիթարյանի նկատմամբ քրեական կամ վարչական պատասխանատվություն կիրառելու մասով չի կատարվել:
Հակոբյանն ասաց՝ այս հանգամանքը ինքը դիտարկում է կանանց նկատմամբ խտրականության արգելքի խախտում, ինչպես նաեւ Սահմանադրությամբ ու այլ օրենքներով իր պաշտպանված լինելու իրավունքի խախտում:
Ի դեպ՝ Աննա Հակոբյանն ասաց, որ որեւէ պատճառ չի տեսնում նախընտրական այս փուլում որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն կասեցնել բարեգործական ծրագրերը. ասաց՝ չկա օրենքով արգելող այդպիսի նորմ ու շարունակելու են բարեգործական ծրագրերը: Նա նաեւ պնդեց, որ «Իմ քայլը» Փաշինյանի հետ կապ չունի, չի ֆինանսավորվել կառավարությունից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































