Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաթիվ երկրների հետ ռազմավարական համագործակցություններ են քննարկվում. Արարատ Միրզոյան

Ապրիլ 28,2026 16:13 Share

Ապրիլի 27-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ կայացել է եվրոպական տարածաշրջանի երկրներում և կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը:

Նախարար Միրզոյանն իր բացման խոսքում նշել է. «Վերջին անգամ բոլորս, իհարկե ավելի ընդլայնված կազմով, հանդիպել ենք օգոստոսի վերջին, որից հետո շատ իրադարձություններ են տեղի ունեցել հատկապես եվրոպական աշխարհամասում և Եվրոպական միության ու առանձին երկրների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերություններում։ Բազմաթիվ երկրների հետ ռազմավարական համագործակցություններ են քննարկվում։ Մեկ շաբաթից կտեսնենք նաև Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը։

Մինչ այս՝ վերջին ամիսներին, իհարկե, առանձին երկրների հետ արդեն դա տեղի է ունեցել, օրինակ` Գերմանիայի հետ։ Իհարկե, անվանումները փաստաթղթից փաստաթուղթ մի փոքր տարբերվում են. մի դեպքում դա ռազմավարական գործընկերության հաստատում է, մի դեպքում դա գործընկերության ռազմավարական օրակարգ է։ Օրինակ` Եվրոպական միության հետ ստորագրեցինք «Գործընկերության ռազմավարական օրակարգ» և այսպես շարունակ»։

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել մայիսի 4-6-ը Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումներին՝ Եվրոպական քաղաքական համայնքի ու ՀՀ-ԵՄ գագաթնաժողովներին և «Երևանյան երկխոսություն» միջոցառմանը։

Եվրոպական երկրների հետ հարաբերությունները համակարգող փոխնախարար Վահան Կոստանյանն անդրադարձ է կատարել ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթաժողովների հիմնական օրակարգին, ստորագրվելիք փաստաթղթերին։

ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն անդրադարձ է կատարել «Երևանյան երկխոսության» նախապատրաստական աշխատանքներին, քննարկումների հիմնական ուղղություններին:

Դեսպանահավաքի ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության, եվրոպական երկրների հետ երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ աշխատանքները, ընթացիկ ծրագրերն ու հեռանկարները։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային փոխկապակցվածության՝ Հայաստանի ներգրավածությամբ ծրագրերի իրականացման ընթացքը, տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ցանցի զարգացման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները։

Անդրադարձ է կատարվել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման գործընթացներին, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալիզացիայի ուղղությամբ քայլերին։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների, առկա մարտահրավերների շուրջ։

Քննարկմանն անդրադարձ է կատարվել նաև դիվանագիտական ծառայության կատարելագործմանն ուղղված նախաձեռնություններին, այդ նպատակով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում առաջարկված փոփոխություններին։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930