Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյունիկ Աղաջանյան. «Այս իշխանությունները միտումնավոր մեր գյուղատնտեսությունը, մեր արտադրությունները վերացրել եւ վերացնում են»

Ապրիլ 30,2026 14:53 Share

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում Հայաստանում հայտնի գործարարներից մեկի ընտանիքին պատկանող ընկերությանը ներմուծման մաքսատուրքերից ազատելու մասին որոշմանը՝ ասաց. «Երեւույթը, որ այսօր արձանագրվեց, մի քանի շերտ ունի, որից ակնհայտն այդ միլիարդավոր դրամների արտոնության տրամադրումն է, որը փաստացիորեն մոնոպոլ մեխանիզմի իրականացում է մեր երկրում, նաեւ հարվածել է տեղական արտադրողներին։

Այդ արտոնությունը տրվում է դրսից ներկրման համար։ Այսինքն, մենք խոսում ենք հարցական որակի սառեցված մսամթերքի ներմուծման մասին։ Այսինքն, հարվածում ենք մեր տեղական արտադրողին, մեր անասնապահությանը։ Նորից հետ եմ գնում իմ բազմիցս նշած խնդրին, որ այս իշխանությունները միտումնավոր մեր գյուղատնտեսությունը, մեր արտադրությունները վերացրել եւ վերացնում են եւ այդ վերացնելու արդյունքում դաշտը բացում են թուրք-ադրբեջանական արտադրանքի համար, քանի որ մեր, թուրքական եւ ադրբեջանական արտադրանքը միմյանց միջեւ մրցակցային են։ Մեր շուկան բացում են թշնամու՝ մեր ժողովրդի առողջությանը վնասող արտադրանքի համար, որովհետեւ հասկանալի չէ, թե այս սառեցված մսամթերքը ինչպիսի պայմաններում է պահվել։ Դա իրացնում են մեր ժողովրդի գրպանի պարունակության, մեր ֆինանսների, մեր բյուջեի, մեր տնտեսությունը ավերելու, մեր տնտեսական անվտանգությունը ոչնչացնելու, մեր ժողովրդի առողջապահական խնդիրները բարդացնելու նպատակով։ Եվ սա արվում է դրսի թելադրանքով։

Այդ անձնավորությունը՝ օլիգարխը, երեկ մասնակցել է Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաեւի հետ եկած բիզնեսմենների հետ հանդիպմանը։ Եվ ես չեմ վարանում կասկած հայտնել, որ սա այն գինն է, որը վճարվում է ադրբեջանցիների հետ տնտեսական հարաբերություններ իրականացնելու համար։ Կարծեմ հենց այդ անձի անունն էլ էր նշված բենզինի ներկրման գործում։

Մի քիչ վերապահում ունեմ, բայց պետք է կասկածը հայտնեմ նաեւ Նալբանդյան ալրաղացներին։ Իսկ Նալբանդյանը այս իշխանությունների օրոք օլիգարխ դարձած անձն է։ Մեր ժողովրդին զգուշացնեմ, որ մեր իշխանությունները հայտարարել են, որ մենք սահմանի վրա սննդային վերահսկողություն չենք իրականացնելու։ Այսինքն, լաբորատոր ստուգում չենք իրականացնում։ Վերջին մի քանի օրերին նկատել եմ, որ այդ Նալբանդյան ընկերության արտադրության ալյուրը էական զեղչերով դրված է խանութներում։ Ես չգիտեմ՝ դրա մեջ 4-րդ կարգի ալյուրն է՞, թե նորմալ ալյուրը։ Դա հարց է մեզ համար»:

Հիշեցնենք, Սամվել Ալեքսանյանը դիմել էր ՀՀ կառավարությանը՝ ներկրվող մսամթերքի մաքսատուրքից ազատվելու համար։ Նա պատրաստվում է Հնդկաստանից 350 հազար կիլոգրամ գոմեշի միս ներկրել, ինչպես նաև 900 հազար կգ խոզի ճարպ՝ Իտալիայից և 300 հազար կգ հավի կրծքամիս Չինաստանից, որն արտադրված է ԱՄՆ-ում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930