Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նոր կենսաչափական անձնագրերը տպագրող ընկերությունը նախարար Սարգսյանին հավաստիացրել է՝ բարձր որակի փաստաթուղթ ստանալու ուղղությամբ ներդրել են առավելագույն ջանք

Մայիս 04,2026 11:22 Share

Ապրիլի 29-ից մայիսի 1-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորության Հարլեմ քաղաքում էր, որտեղ տեղակայված «IN Groupe» ֆրանսիական ընկերության արտադրամասերից մեկում տպագրվելու են ՀՀ քաղաքացիների նոր կենսաչափական անձնագրերը։

    

Ներկայացվել են անձնագրի շապիկի, էջերի, այդ թվում՝ տվյալների պոլիկարբոնատե էջի և վիզա էջերի համադրությունը, քննարկվել՝ փորձնական նախատպագրությունը, երանգների ընտրությունը, էսքիզների ինտեգրումը՝ բոլոր անվտանգային բաղադրիչների հաշվառմամբ։

Մասնավոր գործընկերոջ բիզնեսի միջազգային զարգացման պատասխանատու Իզաբել Լաուզոնը նախարար Սարգսյանին հավաստիացրել է, որ ընկերությունը մոբիլիզացրել է լավագույն ռեսուրսը և հայկական կողմին գոհացնելու, բարձր որակի փաստաթուղթ ստանալու ուղղությամբ ներդրել՝ առավելագույն ջանք։

Նա ընդգծել է, որ ծրագրի նպատակը նույնականացման և անձը հաստատող փաստաթղթերի ոլորտում աշխարհում կուտակված առաջատար փորձը Հայաստան բերելն է՝ ապահովելով տվյալների և փաստաթղթերի պաշտպանվածության որակապես նոր մակարդակ՝ հիմնված բոլորովին նոր մոտեցումների վրա։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ պատվիրակության անդամները շրջել են արտադրամասի տարածքում, ծանոթացել ձևանմուշների արտադրության առանձին բաղադրիչներին, նորագույն տեխնոլոգիաներին, որակական տարբերություններին, ստացել՝ մասնագիտական խորհրդատվություն։

Մասնավոր գործընկերոջ փորձագետները Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունում (ICAO) գործունեություն ծավալող մասնագետներ են, որոնք երաշխավորում են անձնագրի համապատասխանությունը միջազգային գործող և զարգացող ստանդարտներին։

Արփինե Սարգսյանին ներկայացվել են բազմակողմանի փորձարկված գունային լուծումներ՝ նախատեսված վիզա էջերի համար, որոնք համադրվել են տպագրական հիմնարար սկզբունքների հետ։ Ընտրվել են ամենաներդաշնակ ու բարձր անվտանգային մակարդակ ունեցող տարբերակները։

Ֆրանսիացի և նիդերլանդացի մասնագետները ներկայացրել են յուրաքանչյուր երանգի ընտրության  առավելություններն ու ռիսկերը, բացատրել՝ գույների համադրման միջազգային սկզբունքներն ու նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները։

Արտադրական թուղթն անցել է հատուկ մշակում՝ զինանշանի տեսքով ներկառուցված ջրանիշով և բաղադրության մեջ ավելացված մանրաթելերով, որոնց մեջ ավելացվել են նաև եռագույն՝ հատուկ Հայաստանի Հանրապետության  համար արտադրված մանրաթելեր։

Հարլեմում գործընթացը շարունակվում է։ Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կենսաչափական անձնագրի նախատպագրության փուլում նախ՝ առանձին էջերը, ապա ամբողջական ձևանմուշը կենթարկվեն համակողմանի որակի ստուգումներ։ Փաստաթղթերի վերջնականացման վերաբերյալ որոշումներ ընդունելու նպատակով՝ ստացված արդյունքները կներկայացվեն ՆԳ նախարարությանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031