Վեդիում աղմկահարույց մանկապղծության դեպքով դեռևս չկա մեղադրյալ, չկա ձերբակալված անձ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ահազանգեց մանկապղծության զոհ դարձած անչափահաս երկու քույրերի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը:
Նա ասաց՝ ունեն հիմնավոր կասկածներ ու փաստեր, որ մանկապղծության մեջ կա նաև երրորդ ներգրավված անձ. «Երեք անձ է ներգրավված, քննությունը կատարվել է մեր կողմից, ոչ թե քննչական մարմինների կողմից: Երեկ փորձեցինք մեր կողմից հավաքագրված փաստերը տրամադրել նաև քննչական մարմին»:
Փաստաբանի խոսքով՝ քույրերից 15 տարեկան աղջկա նկատմամբ իրականացվող սեռական բնույթի բռնի գործողությունների մասին ահազանգը տրվել է դպրոցի կողմից, դեռ փետրվարի 15-ից է քրեական վարույթ նախաձեռնվել, բայց, ըստ Էլբակյանի, գործով անցնող ենթադրյալ մանկապիղծները դեռևս վկայի կարգավիճակ ունեն։
Փաստաբանը հայտնեց, որ մանկապղծության զոհ դարձած քույրերի հորեղբայրը՝ իրավապահներից պաշտպանության հույսը կորցրած, անձամբ է որոշել դատաստան տեսնել ու ենթադրյալ մանկապիղծներից մեկին՝ Դավիթ Այնազյանին, դանակով հասցրել միջին ծանրության վնասվածք։
Կարդացեք նաև
«Սա այն դեպքն է, երբ անմեղության կանխավարկածի մասին արդեն իսկ խոսելը նպատակահարմար չի լինի, մանկապիղծ են»,- ասաց Էլբակյանը:
Փաստաբանը թվարկեց՝ այս գործով ինչպիսի անհետաձգելի գործողություններ չեն կատարվել՝ խուզարկություններ, դեպքի վայրի զննություններ, դատահետքաբանական փորձաքննություն, չեն առգրավվել ենթադրյալ մանկապիղծների հեռախոսները՝ պարզելու, թե ինչպիսի ձայնագրություններ ու հաղորդագրություններ կան. «Դրանց մասով արդեն իսկ կան ցուցմունքներ ու հաղորդում է եղել տրված: Ընդամենը Արթուր Երեմյանի մեքենան է առգրավված եղել, այդ մասով էլ փորձաքննություն չի արվել»:
Ի դեպ, ի պատասխան քննչական կոմիտեի երեկ տարածած պաշտոնական հաղորդագրության, որով, կարծես թե, արդարանում էին, ինչու ամիսներ շարունակ չկան այս գործով բացահայտումներ՝ հայտնելով, թե աղջիկները հակասական ցուցմունքներ են տվել, մեկ հայտնել բռնության մասին, հետո հերքել,թե քույրերից մեկը ինչպես է հրաժարվել փորձաքննությունից, փաստաբան Էլբակյանը այս ամենին ի պատասխան հայտնեց՝ ինքն անձամբ զննումից հրաժարված երեխային հարցրել է՝ ինչու է հրաժարվել, թույլ չի տվել իրեն զննեն, երեխան պատասխանել է՝ «վախենում եմ»: Նշենք, որ տղամարդկանց կողմից սեռական բնույթի բռնի գործողությունների ենթարկված երեխային զննության եկած դատաբժիշկը ևս տղամարդ է եղել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































