ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնեց, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն բնակավայրում գտնվող 20․5 հեկտար մակերեսով և 323,8 միլիոն դրամ միջին շուկայական արժեքով գույքն ամրացվում է պետական գույքի կոմիտեին։
Հայտնեց, որ սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերից մեկով ձեռք բերված հաշտության արդյունք է․ «2023-ի օգոստոսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի՝ ընդդեմ Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի նախկին օգնական Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ վարույթով է։ Նրանց հետ կնքվել է հաշտության համաձայնություն»։
Այնուհետև Աննա Վարդապետյանը թվարկեց, թե ուրիշ ինչ ապօրինի ծագման գույք կբռնագանձվի Կարապետ Գուլոյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից։ Նիկոլ Փաշինյանը խնդրեց հստակեցնել՝ ի՞նչն է, որ արդեն անշրջելի գործընթաց է և վերադարձվում է պետությանը։ Աննա Վարդապետյանը պատասխանեց․ «20.6 հեկտարն արդեն ՀՀ-ինն է, Առինջի 14 փողոցի առանձնատունը՝ սրա 91 տոկոսը դատարանը ճանաչել է որպես պետության սեփականություն։ Այս պահին իրացնում ենք գրանցման հետ կապված գործընթացը։ ՀՀ իրավունքն է ճանաչվել նաև Ծաղկաձորի Տանձաղբյուր փողոցի հողամասի նկատմամբ՝ ամբողջությամբ։ ԱԿԲԱ բանկի 2000 բաժնետոմս, ֆինանսների նախարարության հետ քննարկում ենք, առաջիկայում իրավաբանորեն կամրագրվի ընկերությանը տրամադրված փոխառությունը, որը ստանալու իրավունքը ՀՀ-ինն է․ 264 հազար ԱՄՆ դոլարի մասին է։ Դրամական միջոցները, որոնք արդեն Կարապետ Գուլոյանի հաշիվներից կամ անշարժ գույքերի օտարման արդյունքում, եթե բավարար դրամական միջոցներ չունենա կամ, եթե տեսանելի չլինեն, առաջիկայում հարկադիր կփոխանցվեն վերականգնված միջոցների միասնական հաշվին․ խոսքը 1 միլիարդ 227 միլիոն 490 հազար դրամի մասին է, առանձին 58 միլիոն դրամի և մոտ մեկ միլիոն դրամի մասին է»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը նաև առաջարկեց, որ դիտարկեն, թե բռնագանձվող առանձնատունը ինչ կարիքների համար կարող է պետությունն օգտագործել՝ ծերերի խնամքի կենտրո՞ն դարձնել, թե՞ ոչ կամ մանկապարտեզ։
ՀՀ կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































