Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոտ 600 հազար քաղաքացի աղքատ է, հացի խնդիր ունի»․ Նարեկ Կարապետյան

Մայիս 08,2026 12:10 Share

«Ութ տարի առաջ այս օրը, այս շենքում Հայաստանի վարչապետ ընտրվեց այսօրվա վարչապետը։ Այս 8 տարիներին մեր երկիրն է փոքրացել։ 8 տարվա ընթացքում նա մեզ խոստացել էր, որ երկիրն ունենալու է արդար դատական համակարգ, երկիրը լինելու է բարեկեցիկ, մարդիկ ապրելու են լավ, խոստացել էր բոլոր գյուղացիներին, որ իրենց գյուղերում լավ ապրելու հնարավորություն կունենան, որ չլքեն գյուղերը»,-խորհրդարանի շենքի մոտ այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանին ժողովրդի գրեթե միաձայն աջակցությամբ բերեց իշխանության՝ հուսով, որ նա բարեկեցություն, խաղաղություն է բերելու Հայաստանին եւ Արցախին։

«Ուժեղ Հայաստանն» այս ասուլիսով տվեց քարոզարշավի մեկնարկը։ Դրան կհետեւի քայլերթ մայրաքաղաքի փողոցներում, ապա երեկոյան հանրահավաք կլինի։

«Խաղաղություն խոսք տալով՝ բերել են երեք պատերազմ, բարեկեցություն խոսք տալով՝ ամեն ընտանիքի վրա 10 հազար դոլար վարկ են վերցրել, հարկերը փոքր բիզնեսի համար բազմապատկել են երկուսով, խոստացան հաղթահարել ծայրահեղ աղքատությունը, չհաղթահարվեց, բայց իրենք իրենց այս ընթացքում միլիարդավոր պարգևավճարներ բաժանեցին»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Նա նաեւ ներկայացրեց «Ուժեղ Հայաստանի» տեսլականներն ու առաջարկները․ առաջին իսկ օրվանից 3-4 ամսվա ընթացքում մի քանի տնտեսական խոշոր ծրագիր են իրականացնելու, առանցքում ծայրահեղ աղքատության վերացման ծրագիրն է՝ 150 հազար դրամ յուրաքանչյուր 5 հոգանոց ընտանիքին։ Գումարների 70 տոկոսը տալու են աշխարհի հարուստ հայ գործարարները, որոնք Կարապետյանների ընտանիքի բարեկամներն ու ընկերներն են, 30 տոկոսը մասնակցելու է պետությունը՝ պետական բյուջեի միջոցով․ «Ոչ ոք Հայաստանում չի կարող նման ծրագիր անել, քանի որ ոչ մի համաշխարհային հայկական կապիտալի տեր, հայկական սփյուռքի մեծ գործարար այս իշխանության կոչով չի անի նման բան։ Գրեթե բոլոր հայ մեծ գործարարները մեր ընկերներն են»։

Նարեկ Կարապետյանը կոչ արեց մարդկանց․ «Մինչև վերջ պայքարելու ենք՝ մասնակցեք, աջակցեք, միասին փոփոխություն բերենք, այս մարդկանց ճանապարհել է պետք։ Մենք վերադառնալու եք այստեղ 1,5 ամսից, սկսելու ենք մեր երկրի վերակառուցումը»։

Իր դիտարկմամբ, հեղափոխությունից հետո՝ մարդկանց հույսերից հետո, ինչի հասել է՝ հասել է մի խմբակ։ Հայ ժողովուրդն ինչի հասել է՝ հասել է իր աշխատանքի ու նախաձեռնողականության արդյունքում․ «Մոտ 600 հազար քաղաքացի աղքատ է, հացի խնդիր ունի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031