«Իմացեք, որ այս ընտրությունների արդյունքը որոշելու է մեկ ձայն, այս ընտրությունների արդյունքը որոշելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը դու ես»,- Անգեղակոթում քարոզարշավի շրջանակում այցելության ժամանակ իր՝ հեղափոխական շրջանի ոճով հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա դիմելով անգեղակոթցիներին ասաց՝ տեր կանգնելը դա է, չպիտի հույս ունենաք, որ ուրիշ մեկը ձեր փոխարեն տեր պիտի կանգնի։ Նաև հորդորեց «տեր կանգնել իրենց վարչապետին»։
Նիկոլ Փաշինյանը, այցելելով համայնքից համայնք, բնակիչներին հիմնականում նույն հարցն էր տալիս՝ թոշակները բարձրացրե՞լ են, անկանխիկ առևտուր անո՞ւմ եք, հետվճար ստանո՞ւմ եք, օգտվո՞ւմ եք առողջապահության ապահովագրությունից։ Վստահեցնում էր, որ խաղաղություն է հաստատվել։
Մի կնոջ տեսավ, որը առողջապահության ապահովագրությամբ ստամոքսը վիրահատել էր, Նիկոլ Փաշինյանը հաճոյախոսեց՝ բավականին լավ տեսք ունեք։ Այցելեց նաև պապիկի, որի աչքերն են վիրահատել առողջապահության ապահովագրությունով, սակայն 44-օրյա պատերազմում զոհված զինվորի մոր խնդիրը լսելով՝ ասաց, որ դա ընտանեկան հարց է և չեն կարող խառնվել։
Կարդացեք նաև
Բռնակոթում էլ վստահեցրեց՝ եկել է ապրելու ժամանակը․ «Այսօր եկել ենք ասելու, որ խաղաղությունն է ապագան, առողջապահության ապահովագրությունն է ապագան, թոշակների բարձրացումն է ապագան։ Գիտե՞ք՝ ոնց եք տեր կանգնում խաղաղությանը, ընտրություններ 2026-ին քվեարկում եք 16-ին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































