«Վերջին բանը, որ Նիկոլ Փաշինյանն ինձ հետ չի համաձայնել անել եւ դրանից հետո մի անգամ էլ ենք իրար տեսել ու էլ չենք տեսել, այն է, որ առաջարկել եմ ստեղծել փախստականների ու ինտեգրացիայի հարցերով նախարարություն, չհամաձայնեց: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին արցախցիների հոսքի ժամանակ ասում էի՝ եթե ստեղծենք փախստականների հարցերով նախարարություն, աշխարհն էլ կտեսնի, որ փախստականների հարցերով նախարարություն ունենք ու աջակցություն կստանանք: Այդ ճանապարհով, որ գնայինք, այդ ժողովրդի խնդիրների մեծ մասը լուծած կլինեինք: Դա չի արվել, որոշվել է ցրել թեման, եկող հոսքի խնդիրները տարալուծել մնացած պետական ինստիտուտների մեջ, որ չերեւա: Այսօր միջազգային հանրությունը չի էլ ֆիքսում, որ այս երկրում 150.000 փախստական կա՝ տուն-տեղ կորցրած »,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երասխից նախընտրական քարոզարշավը սկսած «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով արցախցիների ոտնահարված իրավունքներին:
Ըստ Մարուքյանի ՝արցախցիների վերադարձի իրավունքը միջազգային իրավունքով ամրագրված ու անքակտելի իրավունք է. «Որեւէ մեկը չի կարող այդ ժողովրդի փոխարեն հրաժարվել իրենց իրավունքից: Նրանց սերունդներն էլ են կրելու այդ իրավունքը: Մեր արտաքին քաղաքականության, մեր թեզերի մեջ պետք է պահպանենք, որ կա Արցախի ժողովուրդ, որը փախստական է դարձել էթնիկ զտման արդյունքում ու վերադարձի իրավունք ունի: Այդ օրակարգն այս իշխանության օրոք անիրատեսական է, բայց այդ օրակարգը պետք է մեր օրակարգում լինի: Մարդ չկա, չէ՞ , որ Ալիեւին ասի՝ Սեւանից ինչի ես խոսում, դա անիրատեսական է: Սեւանը՝ ուր, մենք՝ ուր: Խոսում են, ամրացնում են, թեզերով կառուցում են ու մի օր հասնում այդ նպատակին»:
Մարուքյանի խոսքով՝ Հայաստանը, հրաժարվելով արցախցիների վերադարձի իրավունքից խոսելուց, դառնում է այդ իրավունքների ոտնահարման փայատերը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































