Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտություն է առաջացել վերանայել ԱԳՆ-ում կամ ենթակա մարմնում դիվանագետի առնվազն երկու տարի աշխատելու պահանջը՝ այն սահմանելով 18 ամիս

Մայիս 11,2026 13:20 Share

Նախաձեռնությամբ սահմանվում են դիվանագիտական ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի կազմակերպման եւ գործունեության առանձնահատկությունները, այդ թվում՝ ծառայության անցնելու եւ ծառայությունը դադարեցնելու, ծառայողական առաջխաղացման, դիվանագիտական աստիճաններ շնորհելու կարգերը, դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց կարգավիճակը, ծառայության ընթացքում ու դրանից հետո այդ անձանց եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքները, սոցիալական երաշխիքները, դիվանագիտական ծառայության մարմինների ֆինանսավորման սկզբունքները, ինչպես նաեւ կարգավորվում են դիվանագիտական ծառայության հետ կապված այլ հարաբերություններ:

Ազգային ժողովը մայիսի 11-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի տեղեկացմամբ նախագծերի ընդունումը միտված է ոլորտում առաջացած խնդիրների լուծմանը, օրենսդրական կարգավորումներ պահանջող ու գործնականում հայտնաբերված տարաբնույթ բացերի կարգավորմանը, ռոտացիայի սկզբունքով օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների վարձատրության պայմանների լավարկմանը:

««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով փոփոխություն է նախատեսվում Արտաքին գործերի նախարարությունում եւ օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ռոտացիոն գործընթացի իրականացման ու կանոնակարգման հարցում: Ռոտացիոն գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել դիվանագետի՝ Արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմնում առնվազն երկու տարի աշխատելու պահանջը՝ այն սահմանելով 18 ամիս:

Փոփոխություններով առաջարկվում է ներդնել դիվանագիտական գրասենյակ հիմնելու վերաբերյալ կարգավորումներ:

Օրենքից առաջարկվում է հանել օտարերկրյա պետությունում նույն դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետ ամուսինների ծառայության դեպքում ավելի ցածր պաշտոն զբաղեցնող ամուսնուն նախատեսված փոխհատուցումը 50 տոկոսի չափով վճարելու դրույթը:

««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերի հավասարեցմամբ:

Վերանայվել են դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետները: Վերջիններիս աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով պաշտոնավարման առաջին ժամկետը սահմանվել է առավելագույնը 5 տարի: Միաժամանակ, պաշտոնավարման ժամկետի ավարտից անմիջապես հետո այլ պետությունում կամ միջազգային կազմակերպությունում պաշտոնի նշանակվելու դեպքում երկու իրար հաջորդող պաշտոնավարման ժամկետների ընդհանուր հանրագումարը չի կարող գերազանցել 8 տարին:

Նախատեսվել է դիվանագիտական ներկայացուցիչներին ծառայության ընթացքում խորհրդակցությունների կանչելու մասին դրույթ, ինչպես նաեւ հստակեցվել են դիվանագետների՝ կադրերի ռեզերվում գրանցվելու ժամկետները:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031