Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ նախագահը հայտարարություններ է արել տարբեր երկրների վերաբերյալ, բայց չեմ հիշում, որ ՌԴ-ն ինձնից ակնկալեր, որ ես արձագանքեի այդ հայտարարություններին». Նիկոլ Փաշինյան

Մայիս 11,2026 17:19 Share

«Մինչև այն պահը, որ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի դե յուրե և դե ֆակտո, մենք նման հարցերի շուրջ հանգիստ, հանդարտ առանց նյարդայնանալու պետք է շարժվենք»,-Երևանում քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ-ից ՀՀ-ի հասցեին հնչող այն հայտարարություններին, թե ժամանակն է, որ ՀՀ-ն ընտրություն կատարի:

Նշենք՝ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ճիշտ կլիներ Երևանի վերաբերմունքը իր քաղաքացիների և Ռուսաստանի նկատմամբ՝ որպես տնտեսական գործընկեր, հնարավորինս շուտ կողմնորոշվել ԵՄ-ին անդամակցելու հարցում և դա անել ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովում. «Եվ իմ կարծիքով՝ ճիշտ կլիներ թե՛ Հայաստանի բնակչության, քաղաքացիների նկատմամբ, թե՛ մեր՝ որպես տնտեսական գլխավոր գործընկերոջ նկատմամբ, հնարավորիս շուտ կողմնորոշվել, օրինակ՝ հանրաքվե անցկացնել: Դա մեր գործը չէ, բայց սկզբունքորեն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հարցնել Հայաստանի քաղաքացիներին՝ ինչպիսի՞ն կլինի նրանց ընտրությունը: Դրան համապատասխան էլ մենք ևս համապատասխան եզրակացություններ կանեինք և կգնայինք փափուկ, ինտելիգենտ և փոխշահավետ ապահարզանի ճանապարհով»:

Նիկոլ Փաշինյանի արձագանքն էր. «Մինչև այն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի, մենք նման հարց օրակարգում չենք դնելու: Ես համաձայն չեմ նաև ապահարզան ձևակերպման հետ: Ես Ազգային ժողովում էլ եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ: Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ, և մենք ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք, այնպես ինչպես մյուս անդամները: Քանի դեռ մենք ԵԱՏՄ անդամ ենք, լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը: Քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել չենք պատրաստվում էդպիսի հարց դնել, կանենք հանրաքվե, երբ դրա անհրաժեշտությունը լինի»:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ ՌԴ նախագահի հետ մենք այդ աշխատանքային հարաբերություններ ունեն՝ հիմնված փոխադարձ վստահության վրա․ «Ամենասուր հարցերը քննարկում ենք հանգիստ, հարգալից, բարեկամական մթնոլորտում՝ փաստարկների և փաստերի վրա հիմնվելով։ Ես այդ տրամաբանությունը շարունակելու եմ։ Մենք ՌԴ-ի շահերը վնասելու խնդիր չունենք, չենք ունեցել, բայց մենք լիարժեք նվիրված ենք նաև մեր պետության շահերին։ Մենք ԵՄ-ի հետ մեր հետագա հարաբերությունները խորացնելու ճանապարհով ենք նաև շարժվելու»։

Լրագրողների փաստմանը՝ ՌԴ-ից պահանջում են, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարություններին, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը հարթակ է, և այդ միջոցառումն ինչքան իմ միջոցառումն է, այնքան էլ մյուս մեր գործընկերներինն է։ Ես չեմ կարծում՝ որպես հյուրընկալող երկրի վարչապետի պետք է գրաքննեմ կամ պետք է պարտադիր ամեն ինչին արձագանքեմ։ Բազմակողմ հարթակում մարդիկ արտահայտվում են։ Եղել է՝ նաև իմ ներկայությամբ ՌԴ նախագահը հայտարարություններ է արել տարբեր երկրների վերաբերյալ, բայց չեմ հիշում, որ ՌԴ-ն ինձնից ակնկալեր, որ ես արձագանքեի այդ հայտարարություններին։

ՀՀ-ն եվրոպական քաղաքական համայնքի, ԵԱՏՄ անդամ երկիր է, ԱՊՀ անդամ երկիր է, բայց դա չի նշանակում՝ մենք հավակնում ենք բոլոր գործերին խառնվել։ Մենք մեր օրակարգերի շրջանակում ենք։ Մենք պիտի՞ ՌԴ-ի ու Ուկրաինայի հարաբերությունները կարգավորենք։ Մենք մեր համեստ դերակատարությունն ունենք, որ նպաստենք համաշխարհային կայունությանն ու խաղաղությանը, բայց մեր մասով»։

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ չեն ներքաշվելու վիճաբանության մեջ․ առանց լրացուցիչ նյարդի, բարեկամության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում են հարցերը քննարկելու․ «Եթե գնահատենք, որ մեր՝ որոշում կայացնելու պահը հասունացել է, մենք ուրիշներին չենք սպասի»։

Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031