«Հայաստան» դաշինքի անդամներն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Իջեւանում էին, հանդիպեցին բնակիչների հետ:
Հանդիպման ժամանակ մի երիտասարդ, որը ներկայացավ զինվորական, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատմեց, որ նրա կառավարման տարիներին զինվորականները գլուխները բարձր, պարզ ճակատով էին ծառայում, հիմա այդպես չէ. «Հիմա զինվորականներին ոչ մի տիպի չեն գնահատում, ես ինքս հիմա զինվորական եմ ու չեմ ընդունում մեր երկրի վարչապետին»:
«Սրանցից ազատվենք»,- երիտասարդին շարունակեց հանդիպման մեկ այլ մասնակից:
Ռոբերտ Քոչարյանն ի պատասխան արձագանքեց. «Ասեմ՝ պատճառը որն էր: Առաջինը՝ իմ կառավարման օրոք պետությունը միշտ ընդգծել է բանակի կարեւորությունը: Երկրորդ՝ զինվորականի աշխատավարձերը հաճախակի բարձրացնում էինք, միշտ հետեւում էի, որ զինվորականի աշխատավարձը ոստիկանից կամ ուժային կառույցների աշխատակիցների աշխատավարձից առնվազն 25 տոկոսով բարձր լիներ: Համարել ենք, որ անվտանգության ապահովման համար բանակը համար մեկ գործառույթն ունի»:
Կարդացեք նաև
Զինվորական ներկայացած երիտասարդը շարունակեց. «Բայց այսօր նախընտրում են ոստիկանի կարգավիճակով լինի»:
Քոչարյանն էլ հաստատեց՝ այդպես է, մարդիկ էլ նայում են ու հասկանում, որ պետության համար բանակն առաջնահերթություն չէ. «Հակառակ դեպքում պարեկն ավելի բարձր աշխատավարձ չի ստանա, քան բանակը»:
Քոչարյանը նկատեց նաեւ, որ ոստիկանության աշխատակիցների պարգեւավճարներն էլ են բավականին բարձր ու հիմնականում բարձր է ոստիկանության ոչ թե հանցավորության դեմ է պայքարողների պարգեւավճարները, այլ կարմիր բերետավորներինը. «Քաղաքական ճնշումների մահակը նորմալ վարձատրվում է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































