«Եկել ենք քաղաքացիներին ասելու, որ քաղաքացիները հնարավորություն ունեն հունիսի 7-ին այս համակարգը փոխելու։ Երբ էլեկտրոնային համակարգով քաղաքացու հաշիվները սառեցնում եք, հետո ամիսներով քաղաքացին դեգերում է այս շենքի մոտ, որ կարողանա այդ համակարգը փոխել»,- ԴԱՀԿ շենքի մոտ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին դիմեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
ԼՀԿ-ն իր նախընտրական քարոզարշավն այսօր իրականացնում էր ԴԱՀԿ շենքի մոտ։ Խոսում էին համակարգի խնդիրներից, մասնավորապես՝ քաղաքացիներին տուգանելու մեխանիզմներից։ Սրբուհի Գալյանը դուրս եկավ շենքից և միացավ քարոզարշավ իրականացնողների խմբին։
«Այլ կերպ ինչպե՞ս է հնարավոր տուգանքը գանձել, եթե քաղաքացիների հաշիվների վրա կալանք չդրվի»,- տարակուսեց Սրբուհի Գալյանը։
Խոսակցությանը ներկա մի քաղաքացի պարզաբանեց, որ իր հաշվի վրա կալանք է դրվել։ Տուգանքը մուծելուց հետո էլ 101 հազար դրամի կալանքը մնացել է արդեն մեկ տարի, և ինքը դրա «ձեռքը տառապում է», թեև այլ պարտավորություններ չունի։
Կարդացեք նաև
Էդմոն Մարուքյանը շարունակեց՝ խնդիրն այն է, որ տուգանքը վճարելուց հետո էլ հաշիվների արգելանքը չի հանվում․ «Քաղաքացին վարչապետի հորդորով գնում է Հռոմ՝ կոֆե խմելու, չի կարողանում կոֆեի համար վճարել, տեսնում է՝ հաշվին կալանք կա, կանխիկ գումար էլ չունի»։
Սրբուհի Գալյանը պարզաբանեց՝ 1000 դեպքից 999-ում էլեկտրոնային համակարգը անխափան գործում է, մեկ դեպքում հնարավոր է խնդիր լինի, այդ ժամանակ էլ քաղաքացին պետք է դիմի ԴԱՀԿ, և հարցը կկարգավորվի։
«Տիկին նախարար, դուք այցելե՞լ եք ձեր կայք՝ ինչքա՜ն գույք եք վաճառում ժողովրդի գույքերից, ինչքա՜ն տուն, ինչքա՜ն խալի, ինչքա՜ն հեռուստացույց»,- հարցրեց Էդմոն Մարուքյանը։ Ի պատասխան՝ Սրբուհի Գալյանը հրավիրեց նրան ԴԱՀԿ-ի հիմնադրման 28-ամյակը նշելու։ Էդմոն Մարուքյանն անդրդվելի մնաց․ «Այս մարմինն ուղղված է քաղաքացու դեմ։ Եթե պետության համար է՝ բռնագանձում է մինչև վերջին խազը, եթե քաղաքացու համար է՝ գույքը փնտրում ենք, հետախուզում ենք․․․ Ձեր տոնը չփչացնենք, ամեն դեպքում»։
«Մա՞րդն է պետության համար, թե՞ պետությունը՝ մարդու համար» վեճում կողմերը մնացին իրենց կարծիքին։
«Տիկին նախարար, դուք այսօր պետական բյուջեում տուգանք եք պլանավորում։ Ինչպե՞ս կարելի է մարդկանց տուգանելը պլանավորել որպես եկամտի աղբյուր։ Հեղափոխությունից ութ տարի անց մարդը շարունակում է տուգանվել՝ անդադար»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
«Ուզում եք ասել՝ իրավախախտումները հանե՞նք»,- հնչեց Սրբուհի Գալյանի արձագանքը։
«Տուգանքի ձև կա, չափ կա։ Ինչի՞ մի հատ գծի համար մարդը պետք է տուգանվի։ Ինչի՞ պիտի էլեկտրոնային համակարգը ավտոմատ սառեցնի, հետո ավտոմատ չապաարգելափակի»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
Զրույցին ներկա ԴԱՀԿ պետը խոստացավ՝ ավելի ուշադիր լինել։ Սրբուհի Գալյանն էլ հավելեց՝ ԴԱՀԿ-ն այն ծառայությունը չէ, որի աշխատանքից քաղաքացիները մշտապես գոհ լինեն, քանի որ այն զբաղված է դատական ակտերի կատարմամբ, և այդ դատական ակտերը մարդկանց գույքին են վերաբերում։
«Ժամանակին դրանք դատական ակտեր էին, իսկ հիմա, առանց դատական վերահսկողության, պետությունը մարդկանց գրպանները դատարկում է»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































