«Հանրապետություն» կուսակցությունը մայիսի 12-ին քարոզարշավ է անցկացրել Սյունիքի մարզում՝ Ագարակում, Մեղրիում և Քաջարանում։ «Վստահ եմ, որ 10 տարի հետո Հայաստանի Հանրապետության ամենախիտ բնակեցված վայրը լինելու է Սյունիքը, լինելու է Մեղրին: Այս տարածքը լինելու է ՀՀ ամենաթանկ քառակուսի մետրով տարածքը»,- ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը:
Նրա ձևակերպմամբ՝ Մեղրին յուրահատուկ վայր է, և Հայաստանի պետականության հենքը եղել է Սյունիքում՝ Լեռնահայաստանն է եղել այդ հենքը։
«Հանրապետություն» կուսակցության քվեաթերթիկի համարը 11-ն է, կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Քեզ համար Հայաստան, քեզ համար» կարգախոսով։ Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 90 թեկնածուից բաղկացած ցուցակ։
Կարդացեք նաև
«Հանրապետություն» կուսակցության ծրագրում նշված է․ «Ժամանակակից աշխարհում անգամ հզոր պետությունները անդամակցում են անվտանգային դաշինքների։ ՀՀ անվտանգային դաշինքը իրեն չի արդարացրել, հետևաբար․
Դուրս գալ ՌԴ-ի հետ համատեղ ՀՕՊ համակարգից մինչև 2026-ի դեկտեմբերի 1-ը: Եթե ՀՕՊ-ը պատերազմի պայմաններում չի գործում, մնացած զինատեսակները վերածվում են մետաղի ջարդոնի…
Դուրս գալ ՀԱՊԿ-ից մեկ տարվա ընթացքում՝ հնարավորություն տալով այլ պետությունների հետ դաշինքներ ձևավորել։
Հնարավորինս սեղմ ժամկետում հասնել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության և փոխօգնության համաձայնագրերի կնքման։
Անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի՝ 5 տարում՝ ինտենսիվ տարբերակով, ամեն տարի կրճատելով զորակոչը կամ ծառայության ժամկետը 20 տոկոսով, վերջնական արդյունքում հասնելով 90-օրյա ուսումնավարժական ծառայության։ Կրճատումը իրականացնել օդում և ցամաքում մարտական հերթապահության զինծառայողներին փոխարինող նոր տեխնոլոգիական սարքերի ներդրումով։
Բանակին կից ձևավորել կիբեռանվտանգության ծառայություն, որը կապահովի բանակի, անվտանգային բոլոր կառույցների կապի, էներգամատակարարման և համակարգչային սերվերների անվտանգությունը»։
Ի թիվս այլնի, կուսակցությունն առաջարկում է տնտեսության կառուցվածքի փոփոխություն, մոնոպոլիաների վերացում, խոստանում է նոր աշխատատեղեր՝ բարձր աշխատավարձերով, ռազմական, տնտեսական, ժողովրդագրական, էներգետիկ, պարենային անվտանգության ապահովում։ Այս առումով քաղաքական ուժը շեշտադրում է հետևյալը․ «Ամբողջությամբ և արդյունավետ օգտագործել ՀՀ հանքահումքային ռեսուրսները՝ կրճատելով ՌԴ կապիտալի մասնակցությունը, որոշ դեպքերում անգամ պետականացնելով, հետագայում ակցիաներով և միջազգային բորսաներում վաճառքի հանելով։
2. ԱՄՆ-ի հետ 400 մգ/վ մոդուլային և Ֆրանսիայի հետ 600 մգ/վ ատոմակայան կառուցելու պայմանագրերի կնքում՝ 2027-ից կառուցումը սկսելով։
3. Նոր ջրամբարների կառուցում, մինչև 5 միլիարդ խմ ջրի ամբարում և կառավարում։
4. 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված ՀՀ-ԱՄՆ հուշագրերի համաձայն՝ կիսահաղորդչային, տեխնոլոգիական և արհեստական բանականության ոլորտների զարգացման համար բացառիկ արտոնյալ պայմանների ապահովում՝ ոլորտին տնտեսության զարգացման գերակա ճյուղի կարգավիճակ տալով։
5. Գերակա կարգավիճակ ռազմական արդյունաբերությանը, նոր տեխնոլոգիական և ռոբոտային ոլորտներում պետության ուղիղ մասնակցություն»։
Ծրագրում նշված է նաև, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին եղել է և պետք է լինի մեր ավանդույթների, հոգևոր և ազգային արժեքների պահապանը, Հայ առաքելական սուրբ եկեղեցին հայության անբաժան մասն է, որ պետք է ծառայի պետությանն ու ժողովրդին։ Արամ Սարգսյանի կուսակցությունը խոստանում է նաև սահմանադրական բարեփոխումներ, մասնավորապես կառավարման խորհրդարանական համակարգից անցում նախագահականի։
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ


















































