Լրահոս
Օրվա լրահոսը

Աշակերտները դուրս են բերվել դասապրոցեսից՝ վարչապետին դիմավորելու և քարոզչական միջոցառմանը մասնակցություն ապահովելու նպատակով. «Ականատես»

Մայիս 13,2026 16:15 Share

Ականատեսի օրագիր N12

Քարոզչությանը դպրոցականների ներգրավման և վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ

2026 թվականի մայիսի 13-ին ՀՀ վարչապետի մասնակցությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ապարան համայնքում «Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրել է վարչական ռեսուրսի չարաշահման, հանրակրթական ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության արգելքի խախտման և քարոզչությանը անչափահասների ներգրավման դեպքեր։

Առաքելության դիտորդները տեղում արձանագրել են, որ համայնքի և հարակից բնակավայրերի մի շարք դպրոցների տնօրենները և ուսուցիչները աշխատանքային ժամերին՝ դասերի ժամանակ կազմակերպված մասնակցել են միջոցառմանը։

Առավել մտահոգիչ է, որ ուսուցիչների և տնօրինության անմիջական հրահանգով աշակերտները դուրս են բերվել դասապրոցեսից՝ վարչապետին դիմավորելու և քարոզչական միջոցառմանը մասնակցություն ապահովելու նպատակով։ Երեխաներին բաժանվել են դրոշներ, ընդ որում, դպրոցականներին նախապես տրվել են պարտադրողական բնույթի ցուցումներ անգամ արտաքին տեսքի, հագուստի, ինչպես նաև սանրվածքի վերաբերյալ՝ հորդորելով լինել հյուսերով։

Դիտորդներն անձամբ ականատես են եղել, թե ինչպես են որոշ դպրոցների ղեկավարներ և մանկավարժներ հեռախոսազրույցների ընթացքում բարձրաձայն և խիստ տոնով հրահանգավորում՝ պահանջելով ապահովել երեխաների պարտադիր և կազմակերպված մասնակցությունը։ Ըստ հաստատված տվյալների՝ Ծաղկաշեն գյուղի դպրոցի տնօրենը ոչ միայն ազատել է աշակերտներին դասերից հանրահավաքին մասնակցելու համար, այլև երեխաներին է բաժանել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նրա քաղաքական քարոզչության հետ ասոցացվող խորհրդանիշներով շապիկներ։

Առաքելության դիտորդները փաստել են, որ երեխաների և աշխատակիցների հավաքագրման կազմակերպիչը եղել է Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանը։ Վերջինս տեղում ակտիվորեն համակարգել է մարդկանց տեղաշարժը, անձամբ դիմավորել է երեխաներին, նրանց բաժանել քարոզչական բնույթի դրոշներ և հստակ հրահանգներ տվել ներկաներին, թե ով որտեղ պետք է տեղակայվի միջոցառման ընթացքում։

Առաքելությունն արձանագրել է նաև մասնավոր հատվածի աշխատակիցների, մասնավորապես՝ «Գնթունիք» ընկերության անձնակազմի կազմակերպված ներկայությունը քաղաքական միջոցառմանը։

«Ականատեսն» արձանագրում է, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներգրավումը նախընտրական գործընթացներին, ուսումնական պրոցեսի կասեցումը և անչափահասներին որպես քաղաքական ֆոն օգտագործելը հակասում են ուսումնական հաստատությունների ապաքաղաքականացվածության սկզբունքներին և ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին։ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն, իսկ ՀՀ ընտրական օրենսգիրքն արգելում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:

Հանրային պաշտոն զբաղեցնող անձի և դպրոցի տնօրինության կողմից սեփական լիազորությունների և պաշտոնեական դիրքի նմանօրինակ չարաշահումը ենթակա է խիստ իրավական գնահատականի։

«Ականատես» դիտորդական առաքելություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031