«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը տելեգրամյան գրառմամբ հայտնում է.
«Երեկ հարցազրույց եմ ունեցել 24news-ի տաղավարում, բայց այն այդպես էլ, հայտնի պատճառով, չի տեղադրվել կայքի յութուբյան ալիքում։
Այս իշխանությունների ծիծաղելի վախկոտությունը վաղուց արդեն անցել է բոլոր սահմանները։ Լրատվականը հարձակման է ենթարկվել, և դժվար չէ կռահել, թե ով է դրա հետևում կանգնած։
Իշխանական վերնախավի առաջին շարքերում կանգնած նախկին լրագրողները մոռացե՞լ են, որ ազատ խոսքը ճնշելու փորձերը ոչ մի ընդհանուր բան չունեն ժողովրդավարության և ազատության մասին իրենց անվերջ հայտարարությունների հետ։
Կարդացեք նաև
Թե՞ իրականում երբեք էլ լրագրությամբ չեն զբաղվել, այլ պարզապես, ըստ քաղաքական նպատակահարմարության, խմբագրել են իրականությունը, ինչպես այսօր են խմբագրում մեր պատմությունը։
Աջակցությունս 24News-ի ողջ անձնակազմին։ Պինդ եղեք․ սա նույնպես անցնելու է։
Երեկ կայքում տեղադրված հարցազրույցի հղումը թողնում եմ այստեղ»։
«ՀայաՔվե»-ն հայտնում է.
«Երեկվանից համատարած հարձակման տակ է հայաստանյան ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկի` 24news.am-ի յութուբյան էջը:
Ավելի քան երեք հարյուր հազար հետևորդ ունեցող այս տեսահարթակի արգելափակումը, այն էլ նախընտրական ժամանակահատվածում, գործող վարչախմբի և նրա կամակատարների կողմից ազատ մամուլի լռեցման հերթական նենգ փորձն է:
Առավոտից երեկո հիբրիդային սպառնալիքներից կամ «մոլդովական սցենարից» խոսող վարչախումբը փաստացի ինքն է անցել անթաքույց հիբրիդային հարձակման` հենց նույն մոլդովական սցենարով, փորձելով լռեցնել առավել հեղինակավոր ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկը:
«ՀայաՔվե» միավորումը խստորեն դատապարտում է հեղինակավոր լրատվամիջոցի դեմ այս ստոր հարձակումը` գնահատելով այն որպես խոսքի ազատության կոպտագույն ոտնահարում:
Մեր զորակցությունն ենք հայտնում 24news.am-ի խմբագրակազմին և հետևորդներին, և պահանջում ենք պատկան մարմիններից՝ հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել չարագործներին»:

















































