«Հայաստան» դաշինքի պատգամավորների թեկնածուներն այսօր շրջել են Երևանի կենտրոնով, շփվել քաղաքացիների հետ ու խոսել Երևանի խնդիրներից։
Ավագանու անդամ և պատգամավորի թեկնածու Մեսրոպ Մանուկյանը ցույց էր տալիս կանգառներում տեղադրված նստարանները, որոնք թիկնելու հարմարություն չունեն, միայն նստատեղն է, ու պնդում էր, որ հատկապես տարեց մարդկանց համար, որոնք նստելիս կարիք ունեն մի քիչ հենվել, այս նստարանները շատ անհարմարավետ են։
«Առանց մեջքի նստարանները հեչ պրակտիկ չեն»,- Մեսրոպ Մանուկյանին լրացրեց ավագանու նախկին անդամ, պատգամավորի թեկնածու Սամվել Հակոբյանը։
Մանուկյանը նաև ցուցադրեց մայթեզրերի չորացած ծառերը ու ասաց․ «Այն, որ անցյալ տարի 4,8 միլիարդ դրամ ծախսել են ու տնկել են 5044 ծառ, այդ ծառերից մեկն էր երևի»։
Կարդացեք նաև
«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին էլ՝ Լևոն Քոչարյանը, գործընկերներին շեղեց քաղաքային թեմաներից․ «Ժողովուրդ ջան, մի հատ նայեք՝ ինչու է այս փողոցը հոգեհարազատ ինձ համար, որովհետև 114 դպրոցն է, որտեղ Սիրուշոն է սովորել։ Երևի ինքը 7-րդ դասարան էր, ես՝ 10-րդ։ Ու ես դպրոցից իջնում էի, քայլելով կամ տրանսպորտով իջնում էի Սայաթ-Նովայի վերջ ու քայլելով գալիս էի այս դպրոց ու հիմնականում այստեղ բակում կանգնում էի, որ ինչ-որ դուրս գար, առիթ լիներ, տեսնեի»։
Շա՞տ եք կռիվ արել, հետաքրքրվեցին Լևոն Քոչարյանից, ի պատասխան ասաց․ «Չէ»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































