«Այդ խոսույթը մենք չենք թելադրել կամ մենք չենք սկսել, բայց մենք նաև պետք է արձագանքենք ադեկվատ ու արձագանքում ենք»,- լրագրողների հետ զրույցում այսպես է արձագանքում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը նախընտրական շրջանում ձևավորված քաղաքական խոսույթի վերաբերյալ հարցին։
Լրագրողի հարցին՝ իսկ ո՞վ է թելադրել այդ խոսույթը, ո՞վ էր սպառնում ունեզրկել, թողնել մեկ բոթասով, Պապիկյանը խորհուրդ տվեց ուսումնասիրել, պարզել․ «Ուսումնասիրեք դաշտը, տեսեք։ Դա նորմալ քաղաքական պայքար է, և եթե արժանի է, որ մնա մի զույգ բոթասով, պետք է մնա մի զույգ բոթասով»։
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ հասցրե՞լ է ծանոթանալ Սպիտակում այսօր տեղի ունեցած միջադեպին, երբ Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Արամ Մանուկյանի պապի՝ Արտյոմ Գրիգորյանի բերանը փակելով՝ Փաշինյանի հրահանգով հեռացրին Փաշինյանի կողքից, Պապիկյանը պատասխանեց՝ ծանոթ չէ միջադեպին։
«Լուծումը վարչապետի դաշտում չէ, գործը դատարանում է»,- ասաց Պապիկյանը։ Նա հերքեց, թե Փաշինյանը զինվորի պապիկին ասել է կալուգացուց 200.000 դրամ վերցրած ու իրենց քարոզարշավը խանգարելու եկած․ «Խոսքը վերաբերում էր առհասարակ ամեն օր նման մարդկանց օգտագործել փորձելուն։ Ամեն օր տեղի են ունենում նման միջադեպեր, ամեն օր փորձում են կազմակերպել»։
Կարդացեք նաև
Մեկ այլ լրագրողի հարցին՝ կարծում եք, որ այլախոհ չպե՞տք է ունենաք, այսինքն՝ մարդիկ, որոնք իրենց կարծիքն են արտահայտում, ուրեմն ինչ-որ մեկի կողմից ուղղորդվա՞ծ են, Պապիկյանը պատասխանեց․ «Եթե մեր հանրահավաքն է, ակնկալվում է, որ պետք է գան մարդիկ, որոնք ուզում են լսել մեզ, ու գալիս են մարդիկ, որոնք ուզում են խանգարել մեր ու քաղաքացիների շփումը, դա նորմալ չէ»։
Անդրադառնալով մայիսի 28-ին նախատեսված զորահանդեսին՝ Պապիկյանն ասաց, որ որևէ սպառնալիք չի տեսնում զինտեխնիկայի ցուցադրման առումով․ «Հասկանում եմ՝ շատերն անհանգստանում են, որ այն, ինչ արել ենք, կարող ենք ի վերջո ի ցույց դնել, բայց հիմա դա է իրականությունը, իրականության հետ պետք է հաշտվել»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































