«Ես հո տեռորիստ չեմ, բերանս մի փակի; Տեռորի՞ստ եմ ես: Մի բռնեք ինձ: Ո՞վ եք դուք, տղերք, ո՞ւր եք տանում, ես իմ պահանջն եմ դնում: Իմ երեխուն տարավ, վառեց Ազատ գյուղում»,- այսօր Սպիտակում ՔՊ-ի նախընտրական հանդիպման ժամանակ Ազատի զինվորական կացարանում հրդեհից մահացած զինվորներից մեկի՝ Արամ Մանուկյանի պապիկը՝ Արտյոմ Գրիգորյանն էր այս հարցերն ուղղում իր թեւերը մտած տղամարդկանց, որոնք զոռով՝ բերանը փակելով նրան հեռացնում էին Փաշինյանի քարոզարշավից:
«18 տարի պահեցի իմ երեխուն, ճամփեցի բանակ ծառայելու, 25 օր էր մնացել, որ տուն գար, ինքը վառեց, թե իր մարդիկ վառեցին զինվորական կացարանում։ Հլը մի հատ պատասխան թող տա, ինչու առավոտ շուտ վեր կացավ, ասաց որ սուրճի մի բաժակով բենզին լցրին ու վառեցին: Սուտ է ասում, դատարանում քանի անգամ պահանջել ենք՝ գա ցուցմունք տա, չի գալիս»,- դժգոհում էր Մանուկյանի պապիկը՝ Արտյոմ Գրիգորյանը:
Իսկ նրա թեւերը մտած ու նրան հանդիպումից հեռացրած տղաները հորդորում էին հանգստանալ:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Փաշինյանը ձեզ մեղադրում էր փողով իրենց հավաքը խանգարելու մեջ, զոհված զինվորի պապիկը սրտնեղեց. «Ե՞ս: Ո՞վ է ասում, ես Արամ Մանուկյանի պապիկն եմ, տղերք»:
Միջամտեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, լրագրողներին հորդորելով թողնել պապիկին, որ շունչ քաշի։ Լրագրողը նրան հակադարձեց, թե շունչ քաշելու մասին կարող էր ասել այնժամ, երբ բերանը փակած՝ պապիկին քարշ տալով բերման էին ենթարկում։ Հարցին ի պատասխան, թե արդյոք ընդունելի՞ է, որ զինվորական կացարանի հրդեհի հետեւանքով զոհվածի հորը Փաշինյանն անվանում է «200 հազար դրամով ուղարկածներ»՝ Անահիտ Ավանեսյանը չմեկնաբանեց Փաշինյանի որակումները։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































