«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Ախուրյան, Աշոցք, Ամասիա համայնքներում բնակիչների հետ հանդիպելուց հետո, իրենց քարոզարշավն ամփոփեցին Գյումրիում։ Նրանք քայլերթ անցկացրեցին քաղաքի կենտրոնական հատվածում՝ մտնելով Թատերական հրապարակ, որտեղ բավական մեծ թվով մարդիկ էին նրանց սպասում։
Տարեց մարդկանցից մի քանիսը փորձեցին զրույցի բռնվել ՀՀ երկրորդ նախագահի հետ, թեև երաժշտության ձայնը շատ բարձր էր, ու Ռոբերտ Քոչարյանը դժգոհեց, թե չի լսվում նրանց ասածը, մի կին էլ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած գիրքը նրան ստորագրել տվեց։
ՀՀ երկրորդ նախագահը ձեռքով բարևում էր մարդկանց, շատերը գրկախառնվում էին նրա հետ։ Նրան դիմավորողների մեջ էին նաև Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շրջապատի մարդիկ, օրինակ՝ նրա մոտ ընկերը, որը նաև թիկնապահն էր։
Չնայած Գյումրիում անձրևոտ, ցուրտ եղանակ էր, սակայն Թատերական հրապարակը լեցուն էր։
Կարդացեք նաև
Հանրահավաքի սկզբում ելույթ ունեցավ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը՝ խոստանալով տուն ճանապարհել ՔՊ-ին, քանի որ նրանց օրոք «անհայրենիքություն ու անսկզբունքայնություն» է սերմանվում հասարակության մեջ, ՔՊ-ի յուրաքանչյուր խոսք վնաս է Հայաստանի ու հայի տեսակի համար։ Ըստ Կարեն Սիմոնյանի՝ կիշխանազրկեն ՔՊ-ի տեսակը։
«Իրենք մի թեզ են առաջ բերել, որի անունը դրել են խաղաղություն, «Տեր կանգնի՛ր խաղաղությանը»։ Բոլորս լավ գիտենք, որ խաղաղությունը դա ձեռքբերովի է, ոչ թե ստորագրելով փաստաթուղթ՝ առանց երաշխիքների։ Խաղաղությունը ձեռք են բերում համարձակությամբ, ուժեղությամբ, մարտունակ բանակով և վստահ քայլերով։
Ամեն քայլափոխի ականատես ենք լինում իշխող ուժի ղեկավարի հանդեպ ծաղրական խոսքերի, ադրբեջանցիները իրենց ամեն երգի մեջ ծաղրում են, որը մեզ սազական չէ, մենք պիտի ունենանք ղեկավար, ում անունը լսելուց, ում հետ հանդիպելուց պիտի շատ սթափ ու զգաստ լինեն»,- ասաց նա։
Նա անդրադարձավ նաև Գյումրիում անօթևանության խնդրին՝ ասելով, որ Գյումրին շուտով կազատվի տնակներից։
«Մերժում ենք անինքնասերներին, գնում ենք դեպի հաղթանակ»,- հայտարարեց Կարեն Սիմոնյանը։
Ելույթ ունեցավ նաև Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը։
«Ասում են՝ ցուրտ է, բայց էստեղից ջերմություն ու կրակ եմ զգում»,- ասաց նա։
Շիրակի նախկին մարզպետը նշեց, որ Գյումրիում շենքերը կառուցվել են Ռոբերտ Քոչարյանի օրոք, հարցրեց, թե Նիկոլ Փաշինյանի ժամանակ քանի՞ շենք է կառուցվել։ Նա հիշեցրեց, որ Գյումրիում կան վթարային շենքեր, ու դրանց հարցը տնակների հետ միաժամանակ պիտի լուծվի։
Արթուր Խաչատրյանն ասաց, որ եկել են Ամասիայից ու Աշոցքից․ գյուղատնտեսությունը անկում է ապրում, անասնագլխաքանակը ընկնում է, վարելահողերի կեսից ավելին չի մշակվում, դրա համար, նրա բնութագրմամբ՝ «հորթի հպարտությամբ երջանկանում են, որ Ադրբեջանով Ղազախստանից 4-րդ սորտի մի բուռ ալյուր է եկել»։
Նա խոստացավ հաղթելու դեպքում՝ գյուղատնտեսության վերականգնման լայնածավալ աշխատանքներ իրականացնել։
«Նույն Աշոցքում երեք հատ գործարան կար, հիմա քանի՞սն է մնացել, Գյումրիում քանի՞սն է մնացել, տո գյուղնախարար չունենք, էդ դեռ հեչ, էկոնոմիկայի նախարար էլ չունենք, արդյունաբերության նախարար էլ չունենք, վարչապետ էլ չունենք, հերն անիծեմ»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Քրիստինե Վարդանյանն էլ, դիմելով գյումրեցիներին, ասաց․ «Մեզ ասում են՝ ձեր կարգախոսը Գյումրու բարբառով կլինի՝ «Միասին կըռնանք», ու ասում են՝ ավելացրեք․ «Բդի էնենք»»։
Քրիստինե Վարդանյանը նշեց, որ հունիսի 7-ին նոր փրկիչ չեն ընտրում, կուռք չեն ընտրում, այլ ընտրում են թիմ, որն այս վիճակից պիտի հանի Հայաստանը։
Ելույթ ունեցավ նաև ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նա, դիմելով գյումրեցիներին, ասաց․ «Սիրելի ժողովուրդ, կըռնանք, չէ՞, ինչպես Գյումրիում իշխանափոխություն արեցինք, ամբողջ Հայաստանում անենք, կըռնանք, վստահ եմ»։
Նա հավաքվածներին առաջարկեց իրենց ջերմ ողջույնները փոխանցել ապօրինի կալանքի տակ գտնվող Միքայել Սրբազանին։
Հիշեց նաև Բագրատ Սրբազանին ու մյուս քաղբանտարկյալներին՝ վստահ լինելով, որ այս էջը հունիսի 7-ին ամբողջությամբ փակվելու է։
Նա նշեց, որ առաջիկայում հինգ տասնյակ դպրոցներ փակվելու են Շիրակի մարզում։ Ըստ Աննա Գրիգորյանի՝ նոր դպրոցներ կառուցելիս չի նշանակում, որ գործող դպրոցները պիտի փակեն, դրանք պիտի պահպանել։ Նա նշեց, որ իրենց իշխանության գալու դեպքում ուսուցիչների ու դասախոսների աշխատավարձը բարձրանալու է, վերափոխման են ենթարկելու այն նվաստացուցիչ ատեստավորման համակարգը, որը գործում է այսօր։
Աննա Գրիգորյանը խստորեն քննադատեց քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի պահվածքը։ Նրա բնութագրմամբ՝ քարոզարշավը դարձնում են աղետի հերթական աղբյուր, մարդ է ինքնասպան լինում, ձերբակալություններ են տեղի ունենում, կնոջ են քաշքշում։
«Ես ուզում եմ անդրադառնալ կնոջ նկատմամբ երեկվա վարքագծին, բոլոր քաղաքական տարաձայնությունները մի կողմ, քաղաքական ենթատեքստերը մի կողմ, իսկապես մեր պատկերացումներն այնպիսի՞ն են, որ երկրի ղեկավարը կնոջ հետ հաղորդակցվելիս պետք է մատ թափ տա, մուննաթ գա, ինչպես, օրինակ, մետրոյում իրականացրեց, կնոջ թևից բռնի ու քաշքշի, մենք նման ղեկավար պատկերացնո՞ւմ ենք»,- հարցրեց Աննա Գրիգորյանը։
Ըստ նրա՝ այն մարդը, որ ամեն երկրորդ վայրկյանը հիստերիկայի, նյարդային պայթյունի մեջ է ընկնում, չի կարող ներկայացնել հայ ժողովրդին և հայ ժողովրդի շահերն առաջ տանել։
«Մեզ իրական բանակցող է պետք՝ պինդ նյարդերով և հայկական շահը պատկերացնող»,- ասաց նա։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































