«Հասկացանք, որ արձակուրդի մեջ եմ, բայց ՀՀ վարչապետն եմ, չէ՞։ Ինձ ամեն օր զեկուցվում է իրադրությունը․ բա տեղյակ չլինե՞մ»,-փաստմանը՝ ասում եք՝ ԱԱԾ-ն Ձեր ենթակայությամբ է գործում և հարցին՝ արդյոք արձակուրդի մեջ գտնվող վարչապետին կարելի՞ է տեղեկություններ փոխանցել, որ վարչապետն էլ՝ որպես թեկնածու քարոզարշավի ժամանակ հայտարարի, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարցին՝ երաշխիք տալի՞ս եք, որ ձեր իշխանության օրոք ադրբեջանցիները չեն բնակվելու Հայաստանում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Հենց մեր իշխանության օրոք տալիս եմ երաշխիքներ։ Այո, երաշխավորում եմ։ Դա կապված է նրա հետ, որ ես ասում եմ՝ Ղարաբաղի հարցը չի շարունակվելու, վերադարձի թեմա Ղարաբաղ, Նախիջևան, Բաքու Սումգայիթ, Կիրովաբադ, Եվլախ, Գետաշեն չի լինելու և այդպես շարունակ։ Դա անհեթեթ թեմա է, կոնֆլիկտի թեմա է»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով դիմակավորված անձանց տեսանյութին և հարցին՝ իրավապահները սովորաբար շուտ գտնում են նման դեպքերում, ի՞նչն է խնդիրը, որ մանրամասներ չեն հրապարակվում, նաև հիշեցմանը, որ կա խոսույթ, թե սա իշխանությունն է կազմակերպել քաղաքական դիվիդենտներ շահելու համար, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մենք անձանց շրջանակը բացահայտել ենք մոտավոր և ըստ էության՝ այն անձինք, որոնք կարծում ենք, որ այդ տեսանյութում են, 2024-ից Հայաստանում չեն։ Սա բայց օպերատիվ տեղեկություն է, քանի որ ապացույց չունենք։ Մենք ունենք անուն, ազգանուն։ Ավելին, նախկինում մեծ հավանականությամբ այդ անձինք այլ գործերով մեր հետաքրքրության տիրույթում են եղել։ Մասնավորապես՝ հնարավոր է ապօրինի վարձկանության տրամաբանության մեջ գտնվող անձինք լինեն։ Բայց սա ընդամենը օպերատիվ տեղեկություն է»։
Հայ-ռուսական հարաբերությունների մասին հարցերին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ ՀՀ այցի համատեքստում, Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց․ «Չենք վիճելու, չենք կռվելու, որովհետև դա անլուրջ է։ ՌԴ-ն գերտերություն է, որին պետք է հարգանքով վերաբերվել։ ՌԴ-ի շահերին էլ ենք վերաբերվում հարգանքով։ Ասում են՝ Ուկրաինայի նախագահը եկել է Հայաստան։ Իսկ ինչո՞ւ չպիտի գար ՀՀ, ինչո՞ւ, որ ՀՀ-ն Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ էր, Ադրբեջանի նախագահը չէր գնո՞ւմ ՌԴ, կամ ՌԴ նախագահը չէր գնո՞ւմ Ադրբեջան»։
Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































