«Այս պահի դրությամբ Սամվել Կարապետյանի մեղքն այնքանով է, որ որոշ վկաներ նշում են՝ ճանաչել են Սամվել Կարապետյանին, տեսել են հեռուստացույցով՝ որպես բարերարի և հայտնի մարդու, բայց անձամբ չեն ճանաչում»,- այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Ռուբեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ գործով բոլոր վկաներն են նման ցուցմունքներ տվել, և պաշտպանական թիմը, որպես իրավաբաններ, այդպես էլ չի հասկանում, թե որն է Սամվել Կարապետյանի առնչությունն այս գործին։
«Որովհետև չկա այդպիսի առնչություն»,- ասաց Հակոբյանը։
Պաշտպանը նաև հայտնեց, որ հաջորդ դատական նիստին միջնորդություն կներկայացնի Կարապետյանի խափանման միջոցի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ, իսկ կալանքի դեպքում որևէ այլընտրանքային խափանման միջոց չի կարող կիրառվել։
Կարդացեք նաև
Հակոբյանը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստում դատարանը չերկարաձգեց Կարապետյանի տնային կալանքի ժամկետը։ Սակայն, նրա խոսքով, Կարապետյանի կալանքի տակ գտնվելու օրվանից տնային կալանք այլևս գոյություն չունի։ Միաժամանակ շարունակում են գործել գրավի և բացակայելու արգելքի խափանման միջոցները, որոնք, ըստ պաշտպանի, ոչ թե կարող են, այլ ենթակա են վերացման։ Այս հարցը, նրա խոսքով, կքննարկվի հաջորդ դատական նիստում։
Հիշեցնենք, որ Սամվել Սարգսի Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 1.84 մլրդ դրամի հարկեր վճարելուց խուսափելը կազմակերպելու, ինչպես նաև մի շարք ընկերությունների միջոցով շուրջ 4.97 մլրդ դրամ հափշտակություն կազմակերպելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։
Բացի այդ, Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել «Ստրոյպրոյեկտ» ՓԲ ընկերության տնօրենների հետ նախնական համաձայնությամբ հանցավոր ծագում ունեցող և օրինական գործունեությամբ չհիմնավորվող առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներն օրինականացնելու համար։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































