Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծկռտուքի մասնակիցները, համոզված լինելով, որ քրեական հեղինակությունը գալու է իրենց հետևից, պլանավորել էին նրա սպանությունը

Մայիս 25,2026 17:40 Share

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել սպանության նախապատրաստման վերաբերյալ։

Պարզվել է, որ ապրիլին վիճաբանություն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի երկու բնակչի՝ 41 և 34 տարեկան տղամարդկանց միջև, որից հետո 34-ամյա երիտասարդը դիմել է քրեական հեղինակություն հանդիսացող 39-ամյա վանաձորցուն՝ վեճն իր օգտին լուծելու համար:

Պարզվել է նաև, որ ապրիլի 23-ին՝ ժամը 22-ի սահմաններում 39-ամյա վանաձորցին, որ այլ քրեական վարույթի շրջանակում գտնվում էր տնային կալանքի տակ, իրենց շենքի շքամուտքի մոտ հանդիպման է կանչել 41-ամյա տղամարդու մտերիմ երկու հոգու:

Վիճաբանության արդյունքում սկսվել է ծեծկռտուք, որի ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և հնչեցրել հայհոյանքներ: Այնուհետև վիճաբանությանը միջամտել են Վանաձորի բնակիչ մի խումբ տղամարդիկ, և նրանցից 32-ամյա տղամարդն ապօրինի պահվող հրազենով կրակոցներ է արձակել 39-ամյա քրեական հեղինակության ոտքերի տակ, ինչից հետո դիմել են փախուստի:

Միջադեպից հետո ծեծկռտուքին մասնակից մի խումբ տղամարդիկ, համոզված լինելով, որ քրեական հեղինակությունը հաշվեհարդար տեսնելու նպատակով գալու է իրենց հետևից, Վանաձորի Նաիրիի փողոցում գտնվող տնակում պլանավորել և նախապատրատել են 39-ամյա վանաձորցու սպանությունը։

Մասնավորապես, թաքստոցներից հանել են ապօրինի պահվող զենք-զինամթերք, այդ թվում` ինքնաձիգներ, զենքը բաժանել իրար մեջ, լիցքավորել հրազենները, կատարել դերաբաշխում և դարանակալել ծառերի հետևում:
Սպասելով մինչև գիշերվա ժամը 3-ը և տեսնելով, որ 39-ամյա վանաձորցին չի հայտնվում, խմբի անդամները ինքնաձիգները թաքցրել և ատրճանակներով ու դանակներով զինված շրջել են նրա բնակության վայրի մոտակայքում:

Խմբի անդամներին չի հաջողվել ավարտին հասցնել հանցագործությունը, քանի որ քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նրանցից 4-ը զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու, պահելու և մեկ այլ սպանության նախապատրաստության համար ձերբակալվել և կալանավորվել են։

Այս դեպքով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում մայիսի 22-ին 39-ամյա վանաձորցին և ևս երկու տղամարդ ձերբակալվել, կալանավորվել և տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Ձեռնարկվում են միջոցառումներ խմբի անդամներից ևս մեկին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031