«Ինչու է իշխող ուժը խաղաղությունը դարձրել իր հիմնական քարոզչական թեզը, որովհետեւ ուրիշ բանից չի կարող խոսել, նախկին բոլոր խոստումները տապալել է, մնացել է խաղաղությունը»,- այսօր Սյունիքի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
Ըստ Քոչարյանի՝ խաղաղության թեման առաջ մղելու համար իշխող քաղաքական ուժը փորձում է ցույց տալ, որ միայն իրենք են սեփականաշնորհել խաղաղությունը, իսկ մնացած ուժերը բերելու են պատերազմ. «Խաղաղության այդ թեզը փորձում է սեփականաշնորհել մի մարդ, որը բերել է պատերազմ, զոհեր, իսկական արհավիրք սեփական ժողովրդի գլխին եւ մեղադրում այն առաջնորդին, որի ժամանակ եղել է խաղաղություն: Մենք մտել ենք մի բանավեճի մեջ, որը աբսուրդային է: Խաղաղության դրոշը ջանասիրությամբ տանում է մի մարդ, որը բերել է 5000 զոհ, 12.000 վիրավոր, տարածքային հսկայական կորուստներ, 150.000 փախստական»:
Քոչարյանն ասաց՝ չունի բացատրություն, թե ինչու է Փաշինյանն ասում, որ մեզ պետք է խաղաղություն, բայց պետք չեն երաշխիքներ. «Ինչով են իրեն խանգարում երաշխիքները խաղաղության համար, պատասխան չկա»:
Կարդացեք նաև
Քոչարյանը շարունակեց նաեւ այլ հարցադրումներ՝ մեր հայի ինքնությունը ինչով է նրանց խանգարում, ինչի են պատերազմի մեջ մտել մեր ինքնության հետ. «Մեր հայ ժողովրդի պատմությունն ինչով է ձեզ խանգարում, ինչով է ձեզ խանգարում մեր եկեղեցին»:
ՀՀ 2-րդ նախագահի պնդմամբ՝ Փաշինյանը անվտանգության, ինքնության, եկեղեցու, հայկականության ու այս բոլոր հարցերով «գցել է» հայ ժողովրդին. «Քաղաքական խարդախ է այս մարդը՝ ոտքից գլուխ: Հիմա էլ Հայաստանի քարտեզը կրծքին դրած՝ չգիտեմ՝ ինչ է քարոզում: Չեմ զարմանա, որ վաղն էլ գլոբուսը գլխին դրած կհայտնվի ինչ-որ հանդիպումների»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































