ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆԸ
1918 թվականին Հայաստանի Հանրապետությունը վերածնվեց համաշխարհային քարտեզի վրա՝ որպես հայկական ազգային պետություն, ապացուցելով աշխարհին, որ հայ ժողովուրդը զուտ անցյալի իրողություն չէ, այլ մի ժողովուրդ, որը դարերի և այլազգիների տիրապետությունների և ասպատակությունների միջով անցկացրել է սեփական պետություն ունենալու իր անկոտրում կամքը:
Այդ փորձը երկար պատմություն չունեցավ, բայց Հայաստանը որպես ազգային միավորում այլևս իրողություն էր, թեկուզև իր թերի ու անազատ` Խորհրդային Հայաստանի կարգավիճակով:
1988-ի Մեծ ազգային զարթոնքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը նորից դարձել է լիարժեք գործող անկախ պետություն, ամփոփելով իր մեջ հայ ժողովրդի պատմությունը և դառնալով ինչպես մեր ինքնության, պատմամշակութային ավանդույթների և հոգևոր արժեքների պահապանը, այնպես էլ՝ դեպի առաջընթաց և զարգացումն ուղղված մեր ժողովրդի իղձերի իրականացման երաշխավորը:
Կարդացեք նաև
Ցավոք, Հայաստանի այսօրվա իշխանությունների քաղաքականությունն արդեն անթաքույց ուղղված է նրան, որ Հայաստանի Հանրապետությունը դադարի գործել որպես ազգային պետություն և վերածվի «իրական Հայաստան» նախագծի անվանման տակ խամաճիկային մի միավորման, որի միակ գործառույթը լինելու է օտար տերերի շահերի սպասարկումը և Հայաստանի ադրբեջանացումը՝ և´ ժողովրդագրական փոփոխության, և´ ավտորիտարիզմի ներմուծման առումով:
Հունիսին 7-ին, հետևաբար, մեր ժողովուրդն անելիք ունի` հաստատել անկախ ազգային պետություն ունենալու իր կամքը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, և շնորհավո՛ր Հանրապետության օրը:
Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ
Վարչապետի թեկնածու


















































