Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի դեռ Բաքվում են հայ գերիները, օկուպացված են ՀՀ տարածքները, դուք անվտանգությունից ու խաղաղությունից խոսելու իրավունք չունեք»

Մայիս 28,2026 21:03 Share

«Հայաստանն ունենալու է արդյունաբերական մի քանի կենտրոններ, բայց Հրազդանն ամենախոշորն է լինելու։ Մարդիկ աշխատանքի խնդիր էլ չեն ունենալու, երկու-երեք տարվա ընթացքում դուք շինհրապարակներ այստեղ կտեսնեք»։

«Ուժեղ Հայաստան» դաշինքն այսօր նախընտրական հանդիպումներ անցկացրեց Կոտայքի մարզում։

Հրազդանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ դաշինքի անդամ Էդգար Ղազարյանն իր ելույթում ասաց՝ 8 տարի առաջ մարդիկ փոփոխություն, խաղաղություն, համերաշխություն ու արդարություն էին ուզում։ «Բայց ի՞նչ ստացան նրանք այս 8 տարիների ընթացքում՝ ստացան պատերազմ, կորուստներ՝ մարդկային, տարածքային, նյութական։ Այսօր հայրենիքի գողերն ու դավաճաններն ուրանում են հերոսների զոհողությունը, նրանց զոհողության վայրը մեր հայրենիքը չեն ուզում համարել։ Սա չի ներվելու։

Եվ հիմա փորձում են վախի, շանտաժի, ատելության մթնոլորտով մարդկանց հետ պահել ուժեղ Հայաստան ունենալու իրենց գաղափարից։ Դա չի հաջողվելու, ուզում եք մարդկանց վստահությանն արժանանալ, ներկայացրեք ծրագրեր, խոստումներ, վստահություն առաջացրեք մարդկանց մոտ, որ կարող եք փոխել նրանց կյանքը։ Բայց դուք չեք կարող, դրա համար եք վախեցնում, դրա համար եք ուժ կիրառում մարդկանց նկատմամբ։ Իսկ հունիսի 7-ը լինելու է այդ մարդկանց՝ ձեզ պատասխան տալու ժամանակը, և նրանք այդ պատասխանը կտան 3-րդ համար քվեաթերթիկով։ Եվ այդ ժամանակ մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան»,- նշեց Էդգար Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանն ասաց, որ այսօր, երբ Արցախում չկա գեթ մեկ հայ, երբ մեր հայրենիքի մի մասն օկուպացված է, երբ խոսվում է «դրանց Հայաստան բերելու մասին», մարդիկ պետք է գնան ընտրության։ «Հունիսի 7-ին գնում ենք ընտրության, որ դրանք չգան, որ սրանք գնան։ Այս վիրավորանքը, անհասկանալի վարքագիծը, որ դրսևորվում է, մի բանի համար է՝ իրենք չունեն ծրագիր, չունեն ասելիք, որովհետև իրենք միայն սուտ են ասել և հիմա էլ են ստում։ Այն նույն մարդիկ, որ ասում էին՝ Սահմանադրության փոփոխության կարիք չկա, հարևան երկրի ասածով հիմա արդեն Սահմանադրության փոփոխություն են անում»,- ասաց Վարդևանյանը։

Նա նշեց, որ «Ուժեղ Հայաստան»-ն ունի կոնկրետ ծրագրեր՝ 300 հազար աշխատատեղ ստեղծելուց մինչև 1 մլրդ դոլարի ներդրում տուրիզմի ոլորտում․ «Մենք մեր հայրենակիցների բարեկեցության հարցը պետք է լուծենք, ՀՀ քաղաքացին պետք է լավ ապրի»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ուժեղ Հայաստան»-ի անդամ Արեգա Հովսեփյանը նշեց, որ այսօր իշխանությունները բեմից խոսում էին հայրենիքից, բանակից ու արժանապատվությունից։ «Դուք դրա իրավունքը չունեք, քանի դեռ Բաքվում են հայ գերիները, քանի դեռ օկուպացված են ՀՀ տարածքները։ Քանի դեռ այս ամենը չի վերականգնվել, դուք անվտանգությունից, խաղաղությունից խոսելու իրավունք չունեք։ Եվ այս ամենը կարող է վերականգնվել միայն այն ժամանակ, երբ պարտված, երեք պատերազմ բերած ղեկավարը հեռանա»,- ասաց Արեգա Հովսեփյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի խոսքով՝ փոփոխություններից հետո Հրազդանը դառնալու է Հայաստանի արդյունաբերական կենտրոնը։

«Հայաստանն ունենալու է արդյունաբերական մի քանի կենտրոններ, բայց Հրազդանն ամենախոշորն է լինելու։ Մարդիկ աշխատանքի խնդիր էլ չեն ունենալու, երկու-երեք տարվա ընթացքում դուք շինհրապարակներ այստեղ կտեսնեք։ Հիմա դուք գործ չունեք, ճիշտ է, ասֆալտը արվում է, բայց երեք գործարան է ձեր քաղաքում փակվել, մեկը պե՞տք է պատասխանատվություն կրի։ Եթե Հրազդանի ՏԷՑ-ն իրենց հույսին թողնեինք, դա էին ուզում նոր օրվա արժանացնել։ Լավ է՝ նանոտեխնոլոգիաներով նոր լուծումներ ենք փնտրում։ Երկրի ղեկավարությունը պետք է զբաղվի աշխատատեղերի ստեղծմամբ, դա միջին խավ է ստեղծելու երկրում, մարդիկ չեն լքելու Հայաստանը, մնալու են Հայաստանում։ Մեզ պետք է, որ հայերը չլքեն Հայաստանը։ Իսկ եթե հայերն աշխատանք չունենան, հայերը լքեն Հայաստանը, ո՞վ է զբաղեցնելու նրանց տեղը»,- նշեց Նարեկ Կարապետյանը՝ վտանգավոր համարելով այսպես կոչված «ադրբեջանցիների վերադարձի» թեման։

Նա կոչ արեց գնալ ընտրության․ «Ով չի գնում ընտրության, իր ձայնը գնալու է Փաշինյանին։ Գնա ընտրության, փոխենք մեր երկրի առաջնորդին, որ նրանք չգան այստեղ»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031