ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանը «Հայելի» ակումբում, խոսելով Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Արսեն Գևորգյանի՝ բանտում մահանալու, ընդդիմության նկատմամբ իշխանության գործադրած բռնությունների մասին, ասաց, որ ապրում ենք դաժան, երկրի համար կարեւորագույն որոշումներ կայացնելու օրեր։
«Եվ այս համատեքստում այս իշխանությունները ոչ մի բանի առաջ չեն կանգնում, որպեսզի կատարեն թուրք-ադրբեջանական տանդեմի ալիեւյան պահանջները։ Այո, հարձակումը ՏԻՄ մարմիններում իրենց թեկնածություններն առաջադրող ուժերի վրա նոր փորձ չէ ՔՊ-ի կողմից։ Եվ Արսեն Գևորգյանը մահացավ կալանավայրում, որովհետեւ նա մեկն էր, ով պայքարում էր հայրենիքի համար, հայրենիքի համար աշխատելու ցանկություն ունեցող ընկերների անունից։ Արսեն Գևորգյանը եւ նրա նմանները կան ու հա լինելու են, քանի որ ՔՊ-ն իրավունք չունի շարունակելու իր գոյությունը։
Եկեք հիշենք ՔՊ-ի տարբեր գործողությունները ՏԻՄ-երում առաջադրված տարբեր ընդդիմադիր ուժերի նկատմամբ։ Արդյո՞ք նույն պատմությունը չէր Փարաքարում, երբ մինչեւ հիմա անհայտ պարագայում սպանեցին Փարաքարի ընդդիմադիր ղեկավարին։ Արդյո՞ք նույնը չէր, երբ Վանաձորում հաղթանակ տարած Մամիկոն Ասլանյանին կալանավորեցին եւ մինչեւ օրս Վանաձորն ընտրված քաղաքապետ չունի նույնիսկ սահմանադրական հինգ տարի ժամկետն անց։ Մարդու կյանքից այդ տարիները խլեցին եւ հետո դատարանի որոշումով նա արդարացվեց։ Արդյո՞ք նույնը չէ Վարդան Ղուկասյանի հետ ինչ կատարվում է եւ մնացած բոլոր ընդդիմադիր ուժերի հետ։ Ի՞նչ է նշանակում կալանավորել չհիմնավորված ինչ-որ պատճառներով։
Նպատակը մեկն էր։ Որպեսզի կարողանան հեշտությամբ կեղծել ՏԻՄ ընտրությունների արդյունքները եւ տեղերում ունենան իրենց սրտին հաճո համայնքի ղեկավար։ Ինչո՞ւ, որովհետեւ պատրաստվում են կատարել Ալիեւի գլխավոր պահանջը՝ սահմանադրություն փոխել ու հանրաքվե անցկացնել։ Իսկ առանց տեղական մարմիններում իրենց ղեկավարն ունենալու սահմանադրության հանրաքվեում կեղծիքներ ապահովել հնարավոր չէ։ Սա է իրենց գերնպատակը, սա է իրենց տեսակը։ Եվ առանց թաքցնելու էլ հայտարարում են, որ եթե ընդդիմությունը չուզենա ապահովել 2/3, կշրջափակեն ԱԺ-ն եւ ընդդիմադիր պատգամավորներից առնվազն վեցին կպարտադրեն կողմ քվեարկել։
Կարդացեք նաև
Սամվել Կարապետյանին կրկին կալանավորեցին, որովհետեւ իրենք շատ լավ գիտեն, որ «Հայաստան» դաշինքի վրա չեն կարող ազդել։ Իսկ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները, քանի որ նոր են ու նրանց տեսակին դեռ ծանոթ չեն, ուզում են ուժի կիրառմամբ վեց մանդատ գողանալ։ Բայց պետք է շատ լավ հասկանան, որ թե «Հայաստանը», թե «Ուժեղ Հայաստանը» հայրենանվեր, հայրենիքը սիրող մարդկանցից են կազմված, և նրանցից ոչ մեկը անհայրենիքների օգտին չի գործելու»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































