«Ես մի հարց ունեմ ՔՊ-ին, ՔՊ-ականներ, կուզե՞ք ձեր վարչապետի թեկնածուն էլ կարողանար թունելներ, կամուրջներ կառուցել, արդյունավետ կարողանար բանակցել»,- այսօր Վանաձորում հանրահավաքի ժամանակ այս հարցը իշխող քաղաքական ուժին ուղղեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը։
Նա նաև քաղաքացիների ուշադրությունը հրավիրեց իշխող ուժի նախընտրական խոստումների վրա․ «Նկատե՞լ եք, որ միակ հստակ նախընտրական խոստումը, որ գործող իշխանությունը ձեզ տվել է՝ նոր տարածք հանձնելու մասին խոստումն է։ Ավելի հստակ որևէ բան չի տվել, միայն հայկական գյուղերը անվանել է ադրբեջանական անուններով ու անոնսել է, որ նոր տարածք է հանձնում։ Այս մարդը նախընտրական ծրագրով եկեղեցու դեմ պայքար է ֆիքսել, քարոզարշավի ընթացքում խոսում է նոր տարածք հանձնելու մասին։ Ինքը սովորաբար չի կատարում իր նախընտրական խոստումները, բայց հանձնելու խոստումները ինքը միշտ կատարում է… դրա համար հունիսի 7-ին գնանք ընտրատեղամաս ու վերջ տանք այս հակազգային իշխանություններին»։
Պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանն էլ ասաց, որ հունիսի 7-ը պետք է դառնա այն օրը, երբ հեռացվելու են այն իշխանությունները, որոնք Արցախը հայկական չեն համարում, իսկ տղաների սխրագործությունները համարում են ուղղակի ճակատագրական սխալ․ «Հունիսի 7-ին պետք է չեզոքացնենք Ալիևի ամենամարտունակ զենքին՝ Նիկոլ Փաշինյանին»։
Նրա խոսքով՝ Ալիևը, կարծես թե, կարիք էլ չունի իր բանակը զինելու կամ վերազինելու, նոր տեխնիկա գնելու, որովհետև Հայաստանում ունի մարդ, որը նույնիսկ իր թեթև քմահաճույքներն է իրականացնում։
Կարդացեք նաև
«Այս 8 տարիների ընթացքում մարդիկ հոգնել են այն անվերջ խոսույթից՝ մեկին ունեզրկելու, նստացնելու, պատժելու վերաբերյալ։ Իսկապես միակ մարդը, որ պետք է պատասխանատվություն կրի, Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց Գրիգորյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































